Բոլորիս աչքի առաջ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն օրվա հետ մխրճվում է ավտոկրատիայի, ամբողջատիրության ճահճի մեջ՝ նաև այդ պատճառով Հայաստանը հասցնելով անդառնալիության կետին մոտեցող աղետների։ Գաղտնիք չէ, որ ժողովրդավարության բովանդակային, ֆունկցիոնալ ցուցիչը ոչ թե կամ ոչ միայն ընտրությունների արդյունքներն են, այլ իշխանության գործունեության վերահսկողությունն ու հաշվետվողականությունը։ Իրական ժողովրդավարական համակարգում այդ գործառույթն իրականացվում է իշխանության՝ իրապես տարանջատված թևերի կողմից միմյանց հակակշռման ու փոխզսպման միջոցով։ Պետության բոլոր սեկտորները՝ օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունը, քաղաքացիական հասարակությունը, այդ թվում՝ մամուլը, իրար վերահսկում են այնպես ու այնքան, որ իշխանության թևերից յուրաքանչյուրն իր ցանկացած քայլի համար իրեն հաշվետու է համարի՝ մյուս թևերի, այդմով նաև՝ հասարակության առաջ։
Հայաստանում
այդ մեխանիզմը չի գործում կատարելապես, իշխանության թևերի տարանջատում, որպես այդպիսին,
գոյություն չունի, քանի որ բոլորը կառուցված են մեկ մարդու՝ Փաշինյանի, կամքը
բավարարելու սկզբունքով։ Ներկայումս խորհրդարանի քաղաքական մեծամասնությունն իրենից ներկայացնում է ոչ թե առաջնային
մանդատ ունեցող քաղաքական մարդկանց ու ուժերի
հարթակ, այլ առաջին դասարանցիների ինտելեկտուալ ու կամային հատկանիշներ ունեցողների
խառնամբոխ, որոնց միակ նպատակը Փաշինյանին հաճոյանալն ու նրա որոշումները դակելն է։
Այլ կերպ ասած՝ իշխանության թևերից խորհրդարանական կարգ ունեցող երկրում առաջնային
համարվողն ուղղակի գոյություն չունի՝ այդ բառի ոչ թե ֆիզիոլոգիական, այլ՝ գործառութային
իմաստով։ Դատական իշխանությունը, որը մինչև վերջերս փորձում էր ինքնուրույնության նշաններ
ցույց տալ, համակարգված ռեպրեսիաներից հետո տեղավորվում է իշխանության սպասարկուների
շարքում և, կարճ ժամանակ անց վերջնականապես, կկորցնի իշխանությանը հակակշռելու վերջին
փշրանքները։
Թերևս լրիվ այլ է ձևական
գործառույթներ ունեցող, այդուհանդերձ, իշխանության համակարգում կարևոր՝ նախագահի դերը։
Ի դեմս Վահագն Խաչատուրյանի, նախագահական ինստիտուտը ոչ թե կորցնում է ինքնուրույնությունը,
այլ ձեռք է բերում Փաշինյանի «պալատական սազանդարի» յուրատիպ կարգավիճակ։ Ըստ էության՝
երկրում, որը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առաջ, որը ձեռքերը լվացել է իր
120 հազար քաղաքացիներից, նախագահը, թեկուզ և սահմանափակ լիազորություններով, այդ ամենի
համար պատասխանատու վարչապետին որևէ այլ ասելիք չունի, բացի շնորհակալությունից։ Խաչատուրյանը՝
որպես Հանրապետության նախագահ, ոչ թե հակակշռում է գործադիր իշխանությանը, այլ համահարթեցվում
է դրան, եթե կարելի է այդպես անվանել։ Նա ոչ միայն դեմ չէ Արցախը հանձնելու փաշինյանական
քաղաքականությանը, այլև իր կողմից աջակցում է դրան՝ ստանձնելով արցախյան առաջին պարտադրված
պատերազմում հաղթանակած Հայաստանին որպես ագրեսոր ու պատերազմ սանձազերձող ներկայացնելու
նողկալի դերը։
«Խաղաղության
օրակարգը» մտասևեռում դարձրած ու դրանով ամեն գնով Ադրբեջանի հետ հարաբերությունների
հաստատման ձգտող Նիկոլը մի կողմից՝ իրականացնում է «Արցախը Ադրբեջան է, և վերջ» կարգախոսը՝
ֆիզիկական իմաստով, մյուս կողմից՝ «Հայաստանը Ադրբեջան է, և վերջ» բանաձևը՝ քաղաքականապես՝
իր իշխանությունը, ինչպես ինքն է սիրում ասել, մոտարկելով Ալիևի ավտոկրատիային։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման դիմաց Նիկոլն աշխարհից ստացել
է սեփական իշխանությունն ամբողջատիրական դարձնելու ինդուլգենցիա, որն իրացնելու է մինչև
վերջին անկլավը։
Արմեն Հովասափյան









