Այսօր Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովի շրջանակում, կկայանա
Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հանդիպումը, որին ընդառաջ ԵԽ նախագահ Շառլ Միշելն իր
թվիթերյան միկրոբլոգում գրառումներ է արել՝ ըստ էության, ուրվագծելով սպասվող բանակցությունների
հիմնական օրակարգը։ Իր խոսքում նա մասնավորապես նշել է, որ էական է վերահաստատել միմյանց
ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և առաջ շարժվել սահմանների
սահմանազատման հարցում, ինչպես նաև նվազեցնել ռիսկերը՝ սահմանամերձ շրջաններում: Միշելը նաև նշել է. «Ներկայումս վճռորոշ նշանակություն ունի Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում
բնակվող հայերի միջև երկխոսությունը՝ նրանց իրավունքների և անվտանգության շուրջ։ Կարևոր
է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից և ձգտել երկխոսության։ Ավելի քան 30
տարվա հակամարտություն, վերքերը բուժելը ժամանակ է պահանջում: Անհրաժեշտ են համարձակ
որոշումներ»։
Հատկանշական է նաև այն,
որ Ժոզեպ Բորելի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն, քիշնևյան հանդիպմանն ընդառաջ, ևս հայտարարություն
է տարածել՝ ընդգծելով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
վերջին մեկ ամսվա ընթացքում ակտիվացել է, և ԵՄ-ն ողջունում է դա, ԵՄ-ն կարծում է, որ
կարևոր է պահպանել այս պատմական պահը (թափը) և խուսափել քայլերից, որոնք կարող են վտանգել
խաղաղ գործընթացը, ներառյալ՝ թշնամական հռետորաբանությունը։ Այս ֆոնին հարկ է հիշեցնել
օրերս Իլհամ Ալիևի՝ Բերձորում արած աղմկահարույց ելույթը, որով նա սպառնալիքներ, պահանջներ
հնչեցրեց՝ ուղղված Արցախի իշխանություններին, ակնարկելով, որ դրանք չանելու դեպքում
Ադրբեջանը կարող է հեշտությամբ հատուկ գործողություն իրականացնել Արցախում: Ադրբեջանական
պահանջները հետևյալն են. Արցախի նախագահը պետք է հանձնվի, ԱԺ-ն պետք է ցրվի, այլ առաջարկ,
ըստ Ալիևի, չի լինելու:
Ի դեպ՝ Ալիևը գոհ է նաև
իր արևմտյան գործընկերներից, որոնք, ըստ նրա, պարզապես հետաքրքրվում են, թե ինչպիսին
է լինելու ԼՂ իշխանությունների ճակատագիրը: Միևնույն ժամանակ կարևոր է արձանագրել,
որ ՀՀ իշխանությունների պնդումները, թե ձևավորվելու է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության
միջազգային մեխանիզմ, չի հաստատվում որևէ միջնորդի հայտարարությամբ, ինչը տագնապալի
ամրագրում է: Արևմտյան առաջնորդները, կարծես, չեն պատրաստվում միջամտել, որևէ կերպ մասնակցել
Բաքու-Ստեփանակերտ որևէ երկխոսության, ավելին, նրանք չեն արձագանքում
Ալիևի հրապարակային սպառնալիքներին, որոնք ուղղված են արցախահայերին:
Ըստ էության՝ Հայաստան-Ադրբեջան
բանակցային գործընթացում, կարծես, երկու չպարզաբանված խնդիր է մնացել՝ ԼՂ-ում
բնակվող հայերի ճակատագիրը, ինչպես նաև Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի ձևաչափի
հարցը։ Մնացած հարցերում կարծես կա կոնսենսուս, և Արևմուտքը դա ցանկանում
է օր առաջ ամրագրել։ Սակայն ամենաէականը մարդկային ճակատագրերն են, որն, ամենայն հավանականությամբ, կթողնեն ռուս խաղաղապահների գործունեության տիրույթում։ Այս հարցում
բոլորի համար կա լավ պատճառաբանություն՝ չստանձնել անվտանգության երաշխավորի դերը՝ բնակչության համար: Դա ռուսների ներկայությունն է, խաղաղապահների մանդատը՝ Արցախում։
Արևմուտքը ձգտում է օր առաջ փակել բոլոր հարցերն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, քանի որ Ադրբեջանը չափազանց կարևոր գործընկեր է իրենց համար։ Բացի այդ, եթե Նիկոլ Փաշինյանն անձամբ չի զբաղվում այս հարցով, որևէ երրորդ երկիր դա չի անելու, սա փաստ է։ Ավելին, եթե ՀՀ-ն ճանաչում է Արցախն՝ Ադրբեջանի կազմում, դա շատ բան է հստակեցնում, այդ թվում՝ այն, թե ի՞նչ զարգացումներ են սպասվում ԼՂ-ում, և ինչպե՞ս է Արևմուտքը կամ ՌԴ-ն արձագանքում իրավիճակին։ Եթե ՀՀ-ն ճանաչում է, ապա ինչո՞ւ Արևմուտքը պետք է միջամտի այդ, այսպես կոչված, երկխոսությանը։ Բնական է, որ ինչ-որ կերպ պետք է երկխոսություն ծավալվի, բայց այդ երկխոսությունն այսօր ծավալվում է սպառնալիքների լեզվով, դեռ այլ բան տեղի չի ունենում, և քիչ հավանական է, որ լինի։
Քիշնևյան ֆորմատում թերևս հիմնականում կքննարկվի այս երկխոսության և երկաթուղու հարցը։ Ադրբեջանի նախագահին կհորդորեն երկխոսել, նա էլ, իր հերթին, կստանձնի երկխոսելու պատասխանատվություն, բայց հետագայում կշարունակի վարվել այնպես, ինչպես հարմար է գտնում։ Հաջորդ քայլը կլինի այն, որ, եթե այդ պատասխանը բավարարի փաշինյանական իշխանություններին, ապա կարելի է սպասել, որ այդ քննարկվող համաձայնագրի ստորագրմանը քիչ ժամանակ է մնացել։
Արմեն Հովասափյան









