Վերջին շրջանում հաճախ
են քննարկվում պետական արարողակարգի թերացումները՝ կապված գրեթե բոլոր
պաշտոնյաների հետ։ Ամենաքնարկվածն ու քննադատվածն, իհարկե, երկրի առաջին դեմքի և
հատկապես նրա տիկնոջ իմիջն է։ Vesti.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է 2001-2006թթ ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավար, տարբեր
երկրներում Արտակարգ և լիազոր դեսպան աշխատած Վահագն Մելիքյանի հետ։
- Պարո՛ն Մելիքյան, հետևելով ՀՀ
պետական արարողակարգի այսօրվա գործունեությանը՝ ընդունված միջազգային կանոնները
պահպանվո՞ւմ են։
- Բոլոր երկրների արարողակարգերին
նայում եմ մասնագիտական աչքով։ Համընդհանուր կանոններ կան, որոնց պահպանումը
պարտադիր է: Դրանով աշխարհը ճանաչում է քո երկիրը և, եթե անձամբ պաշտոնյային
չասեն, ապա հետևից հաստատ քննարկում են նրա ոչ ճիշտ պահվածքը։ Հիմա Հայաստանում,
ցավալիորեն, տարածում ունեն «այդպես եմ ուզում, այդպես եմ անում» կամ «չեմ
ենթարկվում այդ նորմերին» կարգախոսները։ Իրականում, ցանկացած երկրի ղեկավարի շարժուձև,
արտաբերած խոսք, ձեռքի և մարմնի ժեստիկուլացիա, սանրավածք, հարդարանք, հագուկապ,
գույներ և այլն, ենթարկվում են մարակրկիրտ վերլուծության և արժանանում են որոշակի
գնահատականի։
- Մենք ականատես ենք եղել
արարողակարգի ամենակոպիտ սխալներից մեկին՝ պաշտոնական հանդիպումից մեր
նախարարի 30 րոպե և ավելի ուշանալուն։ Սա ի՞նչի մասին է խոսում։
- Սա ուղղակի անհարգալից
վերաբերմունք է և ուշացողի մասին ձևավորվում է բացասական կարծիք։ Սա կարող է
լինել արարողակարգի թերացում կամ էլ՝ ղեկավարի քմահաճույք։ Վերջինս, ի դեպ, արարողակարգի
առաջին թշնամին է։ Ընհանրապես, դիվանագիտական արարողակարգին չհետևելը դիտարկվում է
որպես անհարգալից վերաբերմունք, չիմացություն, ապիկարություն։ Մեր պարագայում,
ավելի քան վստահ եմ, որ, շատ դեպքերում, դա քմահաճույք է։
- Ձեր նկատած մի քանի
արարողակարգային թերացումներ կնշե՞ք։
- Օրինակ, տարբեր համաժողովների
ժամանակ, նկատելի են քննարկումներ, խմբակային մտերմիկ զրույցեր, իսկ մեր
ներկայացուցիչը մի անկյունում կագնած է: Գալիս են, բարևում կամ էլ՝ ոչ, ու անցնում։
Երբեմն մի հատ ուսին են խփում ու անցնում: Այդ դեպքում մի հատ էլ դու պետք է խփես,
քանի որ այդ ժեստը նշանակում է, որ խփողը քեզ իրենից ցածր է դասում։ Այդ
ամենը պետք է բացատրել ղեկավարին, բայց ես կարծում եմ, որ մեր մոտ այսօր
վախենում են դա անել։ Իմ աշխատանքում ինձ խիստ նկատողություն չեն հայտարարել կամ
պաշտոնից չեն ազատել, երբ շատ կաևորագույն հանդիպումը ընդհատել եմ արարողկարգի
կանոնները խստագույս պահելու համար։ Կարևոր է, թե որքան ես վստահում քո
արարողկարգի ծառայությանը: Որքան շատ լսես, այդքան՝ քո օգուտն է։
- Հիմա այդ արարողակարգային
մանրուքներով (որոնք էական նշանակություն ունեն) զբաղվող մարդիկ չկա՞ն, թե՞ իրենց
կարծիքը հաշվի չեն առնում։
- Ես դա չեմ տեսնում։ Իր կողքին
այսօր կա ոչ պրոֆեսիոնալ մարդ, ով ընդհանրապես արարողակարգային աշխատանքի փորձ
չունի։ Չմոռանանք՝ ով է այսօր պետական արարողակարգի պատասխանատուն. անվտանգության
աշխատակից՝ Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ։ Ես չգիտեմ,
օրինակ, վարչապետի հագուկապով ո՞վ է
զբաղվում։ Չեմ տեսել մի կոստյում, որ իրեն հարմարեցված լինի: Ամբողջ աշխարհում
կարում են, հարմարեցնում են, քանի որ այդ մարդիկ ներկայացնում են մի ամբողջ
պետություն։ Սա շատ հասարակ բան է։ Երբ պիջակիդ կոճակը կոճկում ես և փողկապդ տակից
երևում է, արդեն սխալ է։ Շատ պաշտոնյաներ նույնիսկ երեք կոճակով պիջակից
օգտվել չգիտեն։
- Եթե տղամարդու համար միևնույն է,
ապա կնոջ համար իր արտաքին տեսքը չափազանց կարևոր է։ Այդ դեպքում ջինսե տաբատով կարմիր
գորգի վրայով քայլելն ինչի՞ մասին է խոսում։
- Սա այն դեպքն է, որ միանշանակ պետք
է հեռացվի այն մարդը, ով պետք է զգուշացներ։ Ամեն այց ունի իր ծրագիրը, որից բացի
կան փակ սցենարներ։ Եթե ծրագիրը կազմում է 5 էջ, ապա սցենարը՝ 105 էջ, որտեղ
միլիմետրային ճշգրտությամբ նկարագրված է ամեն ինչ, գրված է հագուկապ՝
«պաշտոնական»։ Եթե ամուսինդ հագնված է պաշտոնական, իսկ դու կողքով
քայլում ես՝ ոչ պաշտոնական, արդեն հարիր չէ։ Սա ինքնատիպություն չէ, չի՛ կարելի։









