Foto

Քիշնևյան դատարկությո՞ւն, թե՞ «պասերով» խաղ


Հունիսի 1-ին Քիշնևում սպասվող բանակցային հերթական ռաունդին ընդառաջ՝ Իլհամ Ալիևը սպառնալիքների հերթական չափաբաժինն ուղղեց արցախահայությանն ու Արցախի իշխանություններին։ Նա, ըստ էության, հայտարարեց, թե ինչպիսի՞ն է լինելու Ղարաբաղի ղեկավարության և ժողովրդի ճակատագիրը։ «Բոլորը քաջ գիտակցում են, որ այսօր մենք հնարավորություն ունենք ցանկացած գործողություն իրականացնել այդ տարածաշրջանում (Արցախում)։ Խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն «նախագահ» կոչողը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները պետք է արդեն լքեն իրենց պաշտոնները։ Միայն այս դեպքում նրանց համար կարելի է զիջումներ անել»։ Ավելին, նա հստակ ընդգծել է, որ Ղարաբաղում բնակվող հայերի վերաինտեգրման հարցը քննարկելու երրորդ առաջարկ չի լինի։ «Կամ իրենք կգան գլուխները կախ, կամ իրադարձություններն այլ կերպ կզարգանան»,- նշել է նա։

Առաջին անգամ չէ, երբ Ալիևն իր պլանների մասին հրապարակային հայտարարում է, ավելին` բացի հայկական կողմից, ո՛չ Բրյուսելը, ո՛չ Վաշինգտոնը, որոնք այսօր ՀՀ-Ադրբեջան բանակցությունների գլխավոր միջնորդներն են, երբեք չեն հայտարարել այն մասին, որ ձևավորվելու է Ստեփանակերտ-Բաքու բանակցային միջազգային մեխանիզմ, որի շրջանակում կքննարկվեն և կապահովվեն արցախահայության անվտանգությունն ու իրավունքները, ինչպես պաշտոնական Երևանն է պնդում։ Նախօրեին Շարլ Միշելը թեմայի հետ կապված նշել էր, թե «վճորոշ նշանակություն ունի Բաքվի և ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը», իսկ մայիսի 14-ին Բրյուսելում ասել էր. «Ես Ադրբեջանին կոչ եմ արել միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ մշակել պոզիտիվ օրակարգ՝ այդ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար»։ Սա ամենևին չի ենթադրում բանակցային միջազգային մեխանիզմ, սա ենթադրում է, որ Ադրբեջանին է թողնվել հետագա որոշումներ կայացնելու իրավունքը։

Նույնիսկ Նիկոլ Փաշինյանը, ով սովորաբար չի արձագանքում Ալիևի սպառնալիքներին, նշեց, թե Ալիևի հայտարարությունները հասկանալի չեն։ Ինչ վերաբերվում է հունիսի 1-ին Քիշնևում տեղի ունենալիք հնգակողմ հանդիպմանը, Փաշինյանը հայտարարեց, որ այս պահին չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել։ «Փաշինյանի ու Ալիևի մեղքով» մոսկովյան տապալված հանդիպումից հետո թվում էր, թե արևմտյան հարթակում գործընթացը հարթ է լինելու, մանավանդ, որ Փաշինյանն ու Ալիևը նշում են, որ հենց արևմտյան հարթակում են ձեռք բերել պայմանավորվածություններ, որ մոտ են, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» ստորագրմանը։ Փաշինյանը լիահույս էր, որ հենց Արևմուտքի օգնությամբ կկարողանա հասնել Բաքվի համաձայնությանը՝ արցախահայերի հետ «երկխոսության միջազգային մեխանիզմի» ձևավորման հարցում։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանը հույս էր փայփայում, որ, անձամբ հրաժարվելով այդ հարցից, Արևմուտքին կտա երաշխավորի դերակատարությունը, որն, ինչպես տեսնում ենք, Արևմուտքը փաստացի չի վերցնում։ Եթե հիմա Փաշինյանը չարձագանքի ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի կողմից առաջարկվող այդ պայմանով ստորագրի համաձայնագիր, ապա նշանակում է, որ ամիսներ շարունակ այդ մասով անհիմն հայտարարություններ է արել, և այդ, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրով» ոչինչ չի ստանում՝ հերթական անգամ հայտնվելով աշխարհաքաղաքական խամաճիկի կարգավիճակում։

Խորհրդարանում արված փաշինյանական հայտարարությունը «SOS» էր, որպեսզի Արևմուտքը գոնե հիմա ստանձնի այս հարցի լուծումը: Բայց Արևմուտքը, մինչ այս պահը, արցախահայության իրավունքների ապահովման ուղղությամբ պասիվ դիրքորոշում է ստանձնել։ Դա նշանակում է, որ բանակցությունները կարող են տապալվել նաև Արևմուտքում։ Բացի այդ Մոսկվայում Փաշինյան-Ալիև «դուելը» թուլացնում է արևմտյան հարթակում հետագա հաջողությունների հնարավորությունը։

Ամփոփելով՝ ասենք, որ գործընթացն անկանխատեսելի է, Քիշնևում որևէ փաստաթուղթ չեն ստորագրի, և յուրաքանչյուր հրապարակային հայտարարություն, փաստորեն, կարող է լիովին զրոյացնել ամիսների բանակցային գործընթացը: Ի՞նչ է սա՝ բանակցային դատարկությո՞ւն, թե՞ «պասերով» խաղ:

Արմեն Հովասափյան