ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին պետ Վաչագան Ղազարյանը՝ «Սերժի Վաչոն», կալանավորվել է։ ԲԴԽ Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց, որ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել է Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։
Դեռևս պաշտոնապես հայտնի չէ, թե ինչ վարույթի շրջանակներում է կալանավորվել Վաչագան Ղազարյանը, սակայն «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով՝ խոսքը ԱԱԾ-ում քննվող քրեական վարույթի մասին է, որի շրջանակներում Վաչագան Ղազարյանին մեղադրանք է ներկայացվել փողերի լվացման հատկանիշներով։
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանի նկատմամբ հետապնդումներն իրականացվել են դեռևս 2018թ.-ից։ Քրեական գործերից մեկով, որով Վաչագան Ղազարյանը մեղադրվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի (2003թ) 308-րդ հոդվածի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով, 2021թ. համաներում էր կիրառվել։ Վաչագան Ղազարյանի կողմից ամբողջությամբ վերականգնվել էր 9.340.677 ՀՀ դրամի չափով վնասը, թեև պաշտպանության կողմը պնդում էր, որ Ղազարյանը մեղադրանքը չի ընդունել, գումարը վճարել է միայն այն պատճառով, որ իրեն «հանգիստ» թողնեն։ Մյուս քրեական գործը վերաբերում էր Ղազարյանի ընտանիքին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից 40 մլն դրամ շորթելուն։ Քրեական վարույթը նախ կարճվել էր, դատախազությունը հաստատել էր կարճելու որոշումը, սակայն 2022թ. նոյեմբերին դատախազի որոշմամբ քրեական հետապնդում էր հարուցվել Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ և ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան









