Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումից հետո որդեգրել սահմանային անցակետում մաքսավորների աշխատանքի «վրացական» մոդելը։ Ու թեև այդ մոդելը դեռևս վերջնականապես չի արմատավորվել հարևան երկրում, սակայն, ամենայն հավանականությամբ, Բաքվում այն արդեն հավանության է արժանացել։
Այս մասին է վկայում Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հայտարարությունը։ Նա, մասնավորապես, նշել է, որ ենթակառուցվածքային կապակցվածության հարցում կողմերը հստակ առաջընթաց են գրանցել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցություններում, իսկ երկրների ղեկավարները համաձայնել են ընդունել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությունը:
Ընդ որում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ բազմիցս հայտարարել է, որ դեռևս 2021 թվականին է Բաքվին առաջարկել ՝ մաքսային ընթացակարգերի կազմակերպման ժամանակ (մասնավորապես՝ Նախիջևանի հատվածում) որպես օպերատոր ներգրավել երրորդ կողմերին։ Ու թեև իշխանությունները պատրաստ են այդ քայլին, սակայն փորձագիտական շրջանակներում Հայաստանի առաջարկն անարդյունավետ են համարում։