Foto

Ալիևի վերջին հույսը Նիկոլն է

Օրերս, իր հերթական ասուլիսի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, բավարարեց Իլհամ Ալիևի ապրիլի կեսերին շրջանառության մեջ դրած պահանջը։ Նշենք, որ ապրիլի 18-ին Իլհամ Ալիևը սուր հռետորաբանությամբ, սպառնալիքներով, վիրավորական խոսքեր էր ուղղել ՀՀ ներկա և նախկին իշխանություններին և ողջ հայությանը: Ավելին, այդ հարցազրույցում Հայաստանից հստակ պահանջեց հայտարարել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»: 

Ըստ էության Փաշինյանը Ալևին երկար սպասեցնել չտվեց, ավելին՝ Ալիևի երազած ժամանակն ավելի շուտ եկավ, քան, թերևս, Ալիևը կպատկերացներ։ Ասուլիսի ժամանակ Փաշինյանն ուղիղ՝ առանց այլևայլությունների, հայտարարեց, որ իր կողմից ճանաչված Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Արցախը (իր խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղը), զուգահեռաբար, իբրև որպես մեղմացուցիչ հանգամանք, նշելով, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով, ինչն Ադրբեջանը մերժում է և այդ մասին հրապարակայնորեն հայտարարել է բազմիցս:

Դրանից բացի՝ Նիկոլը, որպեսզի որոշակիրոեն մեղմացնի իր հայտարարությունը, սկսեց ևս մեկ անգամ անդրադառնալ էթնիկ զտումների, ցեղասպանության վտանգի և նմանօրինակ, տվյալ դեպքում, ոչ մի արժեք չունեցող պնդումների մասին։ Ակնհայտ է, որ այս ամենը զուտ դատարկաբանություն է, և խորքային ու բովանդակային ոչ մի եզրույթ չի պարունակում։ Փաշինյանն այդ գործիքակազմը կիրառել է քանիցս, երբ, հերթական հակահայ ու հակապետական թեզը հանրային տիրույթում տիրաժավորելուց հետո, փորձում է, ըստ իրեն, մեղմացուցիչ փաստարկնելով փակագծեր բացել՝ հանրային դաշտում որոշակի ցնցումներից ու խոտանից խուսափելու նպատակով։ Ավելին, վերջին օրերին և ԱԺ հայտարարությունների ժամին և նախօրեին կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, Նիկոլն ու իրեն սպասարկող շրջանակը փորձում էին հնարավոր բոլոր տարբերակներով թեման շեղել, արհեստական ու մտացածին թեզեր հնչեցնել՝ բուն իրավիճակի վրա ստվեր գցելով։  

Հատկանշական է, որ այսպես կոչված, միֆական միջազգային երաշխիքների մասին իշխանական խոսույթի ֆոնին, կարևոր են Ալիևի՝ նշված հարցազրույցում տեղ գտած մտքերը, երբ նա շեշտում էր, որ «Ղարաբաղում հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ հեռանան»: Նրա խոսքով՝ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ չի քննարկելու իր ներքին գործերը ոչ մի երկրի հետ, «իսկ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի ներքին գործն է»։ Ադրբեջանի ղեկավարը նշել էր, որ Ղարաբաղում ապրող հայերը պետք է ընտրություն կատարեն։

Փաշինյանը ներկայումս փորձում է ամեն կերպ թեման հայաստանյան դաշտում փաթեթավորել յուրովի, ստեղծել արհեստական պատկերներ և առաջիկա հանդիպումներից մեկի ընթացքում ի կատար ածել այն բուն առաքելությունը, ինչ նպատակաով էլ 2018-ին Հայաստանում կործանվեց պետականությունը։ Ստեղծված ընդհանուր այս «բարդակում» ևս մեկ անգամ առաջին պլան է գալիս ընդհանուր լայն կոնսոլիդացիայի և անձնական ամբիցիաները մի կողմն դնելու հրամայականը, քանի որ յուրաքանչյուր բանական ու գիտակից հայ միանշանակ հասկանում է, որ Արցախի վերջնական կորստին հաջորդելու է հայ պետականության կործանումը։

Արմեն Հովասափյան