Չեմ հրդորել իմ որդուն հրաժարվել բողոքից, քանի որ այդ թեմայի շուրջ մեր առաջին խոսակցության ժամանակ ինքն իր փաստարկներով զրկել է ինձ նման խնդրանքով կամ կոչով իրեն դիմելու հնարավորությունից։ Այդ մասին այսօր Կառավարության շենքում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցի, թե արդյոք հորդորել է որդուն՝ հրաժարվել զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի դեմ ներկայացրած բողոքից։
«Որդիս ասում էր, որ ամբողջ խնդիրն այն չէ՞, որ ՀՀ-ում իրավական ձևերով լուծվեն հարցերը, բա հիմա ես ո՞նց արձագանքեմ այդ փաստին։ Ես էլ իմ ընկերներին, ջոկատի անդամներին վերցնեմ, նման մի գործողություն անե՞մ, անհարգալից վերաբերմունք ցուցաբերե՞մ, առևանգմանն առևանմամբ պատասխանե՞մ։ ՀՀ-ում բոլորը պետք է արձանագրեն, որ բոլոր հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծվեն։ Ես չունեմ որևէ փաստարկ այդ կոչով կամ խնդրանքով նրան դիմելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողի դիտարկմանը, որ ցուցարարներն ընտրովի արդարադատության մասին են բարձրաձայնում՝ մատնանշելով վարչապետի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մարտիրոսյանի գործով առայսօր որևէ մեկին պատասխանավության չենթարկելու փաստը, իսկ այս դեպքում երբ հետևանքը ծանր չէ, կալանքի որոշում է կայացվել, վարչապետը մի քանի վայրկյան կմկմաց, հետո ասաց, թե ինքը տեղյակ չէ առաջին դեպքի՝ Սոնա Մարտիրոսյանի գործի ընթացքից։
«Միջադեպից հետո ես հեռախոսազրույց եմ ունեցել տուժածի հոր հետ և ինքն ասել է, որ ակնկալիք ունի, որ իրավական ընթացակարգով տեղի ուենա ամեն ինչ և հիմա չգիտեմ, թե այդ արարքն ինչպես որակվել ու ինչ հոդվածով։ Իսկ այն, ինչ տեղի է ունեցել որդուս հետ, որակված է ՔՕ 101 հոդվածով և պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով»,-ասաց վարչապետը և նորից կրկնեց, թե մյուս՝ Սոնա Մարտիոսյանի գործի ընթացքին ինքը տեղյակ չէ։









