Foto

Զոհվածների ծնողները գիշերել են կառավարության դիմաց՝ Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով

«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամ զոհված զինծառայողների ծնողները գիշերն անցկացրել են կառավարության դիմաց՝ պահանջելով ազատ արձակել անմահացած հերոս Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, որի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը շաբաթ օրը մեկ ամսյա նախնական կալանքի տակ վերցնելու որոշում կայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտին առևանգելու մեղադրանքով։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը գրել էր, թե «Որդիների կանչ» կազմակերպության մի խումբ անդամներ Աշոտին փորձել են առևանգել իրենց տան մոտից, վերջինս դուրս էր նետվել մեքենայից ու անգամ վրաերթի ենթարկվել։ Ծնողները, սակայն, հրապարակեցին տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է վարչապետի որդին ինքնակամ նստում Գայանե Հակոբյանի ավտոմեքենան։