Foto

Կադիրովը հայտարարել է Չեխիայից իր սիրելի ձիու՝ Զազուի վերադարձի մասին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է Զազու անունով իր ձիուն Չեխիայից վերադարձնելու մասին և հրապարակել իր նստավայրի տարածքում հովատակի տեսագրությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Այսօր իմ թանկագին և սիրելի Զազուն վերադարձավ տուն: Միայն մտածեք, որ 9 ամբողջ տարի ես չեմ տեսել այս գեղեցիկ ձիուն, իմ սիրելի ընկերոջը»,- գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։ Չեչնիայի ղեկավարը հավելել է, որ հովատակն այլևս չեմպիոն չի դառնա, և նրան խոստացել է «երջանիկ ձիու կյանք՝ լավ պայմաններում»։ Նա նաև նշեց, որ կենդանուն լավ չեն խնամել, և նրան պահելիս շատ են խնայել։ 

Նրա՝ Զազու անունով հովատակին Չեխիայում գողանալու մասին Կադիրովը հայտնել էր մարտին։ Չեչնիայի ղեկավարը հիշեցրել է, որ դեռ 2014 թվականին ձին ներառվել է հակառուսական պատժամիջոցներով Չեխիայում սառեցված իր ունեցվածքի ցուցակում։

Երկուշաբթի օրը Կադիրովը հայտնեց, որ իր ձին հետ է գնել ուկրաինական գաղտնի ծառայությունների միջոցով, որոնք «պարզապես բեմադրել են դրա գողությունը Չեխիայի ախոռից՝ համաձայնության գալով չեխական ոստիկանության հետ», «իսկ այժմ Զազուն տան ճանապարհին է»։