Foto

Թուրքիայի ընտրությունները և մենք

Թուրքիայում պաշտոնապես նշանակվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, քանի որ առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չհաղթահարեց 50 տոկոսի շեմը։ Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին։ Այս ընտրությունները դարձան Էրդողանի քաղաքական կարիերայի ամենաբարդ ու ծանր ընտրությունները, որոնք կարող են նույնիսկ ճակատագրական դառնալ նրա՝ որպես երկրի ղեկավարի, ապագայի տեսանկյունից: Փաստացի, երկրի ընդդիմադիր թևը շատ գրագետ աշխատեց, որի արդյունքում էլ Քըլըչդարօղլուն ստացավ ձայներ, որը գուցե այլ իրավիճակում չստանար, և այս դեպքում Քըլըչդարօղլուի «բախտը բերեց»՝ նրա շուրջ ձևավորվեց բարենպաստ իրավիճակ:

Այս ամենի արդյունքում ընդդիմության հռետորաբանությունն էլ ավելի վստահ է դարձել, քանի որ հաղթելու հնարավորությունները երկրորդ փուլում բավականին բարձր են։ Բայց պետք է նաև հաշվի առնել, որ Էրդողանն ավելի մեծ եռանդով է պայքարելու հաղթանակի համար, ռեսուրսներ է ներդնելու: Սակայն դա ևս սահմանափակ նշանակության հանգամանք է, ուստի վստահաբար ասել՝ ինչպիսի պատկեր կձևավորվի, շատ բարդ է։ Էրդողանի ղեկավար մնալն առաջին անգամ իրական վտանգի տակ է՝ ընդդիմության ճիշտ համախմբման արդյունքում։ Այնուամենայնիվ, ցանկացած պարագայում, հետընտրական զարգացումները բավականին թեժ են թվում։

Նշենք նաև, որ այս փուլում թուրքական ներքաղաքական զարգացումներին ուշի ուշով հետևում են Ռուսաստանում: Բացահայտ աջակցելով Էրդողանին, ՌԴ իշխանությունները նաև զգուշավոր են իրենց հայտարարություններում, քանի որ հասկանում են, որ Թուրքիայում կարող է իրավիճակ փոխվել և ՌԴ ցանկացած չմտածված քայլ ու հայտարարություն այս փուլում կարող է ռուս-թուրքական հետագա հարաբերությունների համար մարտահրավեր դառնալ, ինչը չափազանց անցանկալի է այս պահին։ ՌԴ-ում հստակ հասկանում են, և եղան ընդդիմության կողմից հայտարարություններ, որ Քըլըչդարօղլուի հաղթանակի դեպքում ռուս-թուրքական հարաբերություններն էական փոփոխություններ կապրեն՝ կվատթարանան։ Չմոռանանք, որ, Ուկրաինայի հատուկ գործողության ֆոնին, Թուրքիայի նշանակությունը ՌԴ համար է՛լ ավելի է մեծացել։

Ի դեպ՝ չի բացառվում, որ որոշակիորեն կփոխվի նաև Թուրքիա-Արևմուտք հարաբերությունների որակը: Ամենայն հավանականությամբ, Քըլըչդարօղլուն, ընտրվելու դեպքում, կվերացնի այն լարվածությունն ու անվստահությունը, որը կար Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում՝ վերջին տարիների ընթացքում։ Արևմուտքն էլ իր ակնհայտ ֆավորիտն ունի՝ հանձինս Քըլըչդարօղլուի և արևմտյան մամուլը մեծ թափով աշխատում է հենց նրա օգտին։ Միանշանակ է, որ չի կարելի անվերապահորեն ասել, թե Էրդողանը շատ թուլացած է, որ այս անգամ ստացել է չափազանց քիչ ձայներ: Պարզապես նա չկարողացավ խուսափել երկրորդ փուլից։

Ինչ վերաբերում է տարածաշրջանային  հնարավոր զարգացումներին, ապա Քըլըչդարօղլուի ընտրվելու դեպքում թուրք-ադրբեջանական հարաբերություններում էական փոփոխություններ դժվար է ակնկալել, թեև Ադրբեջանում ևս, մեղմ ասած, չեն համակրում ընդդիմադիր Քըլըչդարօղլուին։ Թեև Էրդողան-Ալիև հարաբերությունների դեպքում կա անձնական գործոնը, բայց Ադրբեջանը ստիպված է լինելու հարմարվել։

Իսկ ինչ է սպասվում ՀՀ-ի համար. Էրդողանի հաղթանակի դեպքում, բնականաբար, հարավկովկասյան տարածաշրջանի իրավիճակը կշարունակվի մոտավոր այն նույն կոնտուրներով, ինչ մինչ այժմ կա, իսկ Քըլըչդարօղլուի հաղթանակի պարագայում Թուրքիայի արտաքին և տարածաշրջանային քաղաքականության մեջ կթուլանա ՌԴ ազդեցությունը, դրան զուգահեռ կմեծանա Արևմուտքինը։ Բնականաբար, այս դեպքում տարածաշրջանում համակարգողի դերը Արևմուտքը կվստահի Թուրքիային, որն էլ, ըստ արևմտյան պլանի, չպետք է որևէ համագործակցություն ունենան ՌԴ հետ, տվյալ դեպքում՝ հենց սա է ամենաէական հանգամանքը։

Դժվար է ասել, թե Քըլըչդարօղլուն որակապես Էրդողանից լավը կամ վատը կլինի՝ Հայաստանի հետ հարաբերությունների դեպքում։ Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ անել՝ պահպանելու հայ-ադրբեջանական հարցերի վերաբերյալ իր թելադրանքի ռեժիմը, իսկ հայ-թուրքական օրակարգում էական որևէ փոփոխություն ակնկալել պետք չի, բացի նրանից, որ Հայաստանում հնարավորություն կսեղծվի սեփական դիրքերին համապատասխան դասավորում տալ և փորձել ճիշտ «մատուցվել» ստեղծված օրակարգում։ Հարցն այն է, թե կօգտվի՞ դրանից Հայաստանի իշխանությունը:

Արմեն Հովասափյան