Foto

«Տուգանքի մատերիալ» օպերացիան՝ գործողության մեջ

Կառավարությունն ամեն տարի խոստանում է միջոցներ ձեռնարկել պետբյուջեի կապիտալ ծախսերը ժամանակին կատարելու համար, բայց ամեն տարի կանգնում է նույն խնդրի առաջ։ Դեռևս չի եղել տարի, որ կապիտալ ծախսերը լիարժեք կատարվեն։ Ավելին, անցած տարվա վերջին, երբ տեսան, որ նախատեսված ծախսերը չեն կարողանում կատարել, ճշգրտված պլանը նույնիսկ կրճատեցին, բայց էլի չկարողացան կատարել։ Այս տարվա սկզբին էլ նույն պատկերն է․ այնպես որ՝ «լավագույն» ավանդույթները շարունակվում են և կապիտալ ծախսերն «աննախադեպ» տեմպերով թերակատարվել են։

Հիմա՝ ավելի առարկայականառաջին եռամսյակի ընթացքում իշխանությունները նախատեսել էին իրականացնել գրեթե 99 մլրդ դրամի կապիտալ ծախսեր, բայց կատարել են ընդամենը 30 միլիարդը, այսինքն, թերակատարումը կազմել է 70 տոկոս։ Տարեսկզբի առաջին երեք ամիսներին 68 մլրդ դրամով կամ 176 մլն դոլարով ավելի քիչ կապիտալ ծախսեր են իրականացրել, քան նախատեսել էին։ Այլ կերպ ասած՝ աա պարզապես խայտառակ կատարողական է, այն էլ այնպիսի ծախսերի առումով, որոնք կարևոր տնտեսական և պաշտպանական նշանակություն ունեն։ Տարեսկզբին կատարված կապիտալ ծախսերը պակաս են եղել նույնիսկ նախորդ տարվանից։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում կատարել էին 37, այս տարի՝ 30 միլիարդի կապիտալ ծախս՝ 7 միլիարդով պակաս։ Զավեշտը կայանաում է նրանում, որ կապիտալ ծախսերի խայտառակ թերակատարումը կառավարությունում պատճառաբանել են պաշտպանության ոլորտի ծախսերի չկատարմամբ։

Ֆիննախի առաջին եռամսյակի բյուջեի կատարողականի հաշվետվության մեջ, թեմայի հետ կապված, ասվում է «Ծրագրից շեղումը և նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազումը հիմնականում արձանագրվել է ՊՆ շենքային պայմանների բարելավման միջոցառման ծախսերում, որոնք կազմել են 19,5 մլրդ դրամ՝ 67,9 տոկոսով զիջելով նախատեսված ցուցանիշը և 28,9 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը»։ Ստացվում է, որ առաջին եռամսյակում «պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման միջոցառման» շրջանակներում նախատեսել են իրականացնել 60 մլրդ դրամի ծախս, բայց կարողացել են իրականացնել ընդամենը 19,5 միլիարդը. 40,5 միլիարդի թերակատարում են տվել։

Նման «բարդակը» վկայում է, որ կապիտալ ծախսերի կատարողականը բարելավելու ուղղությամբ կառավարության քայլերը նկատելի արդյունք չեն տալիս։ Վիճակը մի բան էլ սրվել է, ինչն ավելացնում է մտահոգությունները, որ կրկին վտանգի տակ է այս տարվա բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի կատարումը։ Հատկապես, որ բյուջեով պլանավորվել է դրանք անհամեմատ ավելացնել։ Այնինչ, թերակատարման հետևանքով, մի բան էլ կրճատվել են։

Ի դեպ՝ կառավարությունը ձախողել է բյուջեի ոչ միայն կապիտալ, այլև մյուս ծախսերը։ Ճշգրտված պլանով որոշել են առաջին եռամսյակում կատարել շուրջ 553 մլրդ դրամի ծախս, սակայն կատարել են միայն 423 միլիարդը։ 120 միլիարդի թերակատարում է արձանագրվել առաջին եռամսյակում, որից 68 միլիարդը՝ կապիտալ, մնացածը՝ այլ ծախսերի հաշվին։ Ավելին, բյուջեն պլանավորել են դեֆիցիտով, սակայն մի կողմից՝ եկամուտների աճի, մյուս կողմից՝ նախատեսված ծախսերի գրեթե 24 տոկոս թերակատարման պատճառով, փակել են պրոֆիցիտով։ Թվում է, թե լավ է, որ դեֆիցիտի փոխարեն՝ պրոֆիցիտ ունենք, բայց դա բացառապես ի վնաս տնտեսության է։ Բանն այն է՝ տնտեսությունից գումարները հավաքել են, որպեսզի կատարեն նախատեսված ծախսերը և իրացման միջոցով գումարները վերադարձնեն տնտեսություն, խթանեն տնտեսական պրոցեսները, սակայն չեն հաջողել։ Թե դրա հետևանքով ինչքա՞ն վնասներ է կրել տնտեսությունը, կառավարությունը չի հաշվում, երբեք էլ չի հաշվել, չնայած վերջին 5 տարիներին մշտապես նույն խնդիրն է եղել։ Այնինչ՝ յուրաքանչյուր դրամ, որը դուրս է գալիս տնտեսությանից ու ժամանակին չի վերադառնում՝ կորուստ է տնտեսության համար, բացասաբար է ազդում տնտեսության ակտիվության ու տնտեսվարողների շրջանառությունների վրա։

Հավելենք նաև, որ բյուջեի առաջին եռամսյակի եկամուտների պլանը նույնիսկ գերակատարվել է, սակայն գերակատարվել է ոչ միայն տնտեսության, այլև քաղաքացիներից հավաքված գումարների հաշվին։ Այն գումարների՝ որոնք ստացվել են քաղաքացիներին տուգանելու արդյունքում։

Թերևս շատերը կհիշեն, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը խոսում էր քաղաքացու՝ տուգանքի «մատերիալ» չլինելու մասին: Հիմա նրա ղեկավարած կառավարությունը շատ ավելի մեծ չափերով է տուգանում քաղաքացուն։ Միայն առաջին եռամսյակում ավելի քան 10 մլն դոլար են գանձել քաղաքացիներից՝ ճանապարհային երթևեկության խախտումների դիմաց նշանակված տուգանքների միջոցով՝ 38,2 տոկոսով ավելի շատ, քան նախատեսել են։ Ի դեպ՝ սա կարծես ավանդույթ է դարձելՓաշինյանի կառավարությունն անցած տարի քաղաքացիներին միայն ճանապարհային խախտումների համար տուգանել է գրեթե 16 մլրդ դրամ՝ մոտ 40 մլն դոլար։ 

Արմեն Հովասափյան