Երեկ իմ ֆեյսբուքյան
էջում երկու գրառում էի կատարել Իտալիայում Էկվադորից Հայաստան տեղափոխվող կոկայինի
խմբաքանակի հայտնաբերման վերաբերյալ: Բացի բազմաթիվ մեկնաբանություններից, նաև մի քանի
անձնական գրություններ ու զանգեր եղան, թե արդյո՞ք Հայաստանի ու հայ ժողովրդի համար
այս օրհասական պահին մարդկանց ուշադրությունը չեմ շեղում ինչ-որ թմրանյութերի թեմայով:
Այո՛, եթե ես վստահ լինեի, որ այդ խմբաքանակը Հայաստան հասնելուն պես կառգրավվեր, կհայտնաբերվեին
պատվիրատուները կամ այդ թմրանյութի տարանցման ուղիներն ու մեխանիզմները, նույնիսկ ուշադրություն
չէի դարձնի այդ միջադեպին: Բայց…
Ամենաէականն
այդ «բայցն» է: Հայաստանն այն երկիրն է, որտեղից քուրդ բանտարկյալներ են հայտնվում թուրքական
արդարադատության ձեռքում, Հայաստանն այն երկիրն է, որի բարձրագույն ղեկավարության մերձավորագույն
շրջապատը հայտնվում է մաքսանենգության, պետական գնումների կոռուպցիոն սկանդալներում
և ոչ մեկը պատասխանատվություն չի կրում, չի պատժվում օրենքի ուժով: Գրում եմ «բայց»,
որովհետև եթե Հայաստանի իշխանությունների համար պատերազմի մի քանի հազար զոհը զուտ
վիճակագրություն են և նույն իշխանությունների հանձնողական-դավաճանական ծրագրի իրագործման
սոսկական դրվագ, ապա մի քանի տասնյակ, իսկ գուցե նաև հարյուր հազարավոր երիտասարդներին
թունավորելը, նրանց թմրանյութի՝ այսինքն թմրավաճառների գերի դարձնելը սովորական երևույթ
է՝ իրենց գերագույն նպատակները հասարակությանը պարտադրելու համար անթերի աշխատող գործիք:
Այստեղից՝ մեկ
այլ հետևություն, որ «բայցի» տրամաբանական շարունակությունն է: Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը՝
երկրի տնտեսությունը կործանելուց, պետական պարտքը մեծացնելուց, երկիրը կործանարար պատերազմի
մեջ ներքաշելուց, դրանից հետո պարտություն ու կապիտուլյացիա բերելուց, Արցախի ու ՀՀ
տարածքները թշնամուն զիջելուց հետո, դեռևս կառչած իշխանությունից, իսկ բազմաթիվ «հասարակական
ու քաղաքական» շրջանակներ Հայաստանում և նրա տարածքից դուրս աջակցում են այդ իշխանությանը,
սերտաճում են դրան ու չեն ցանկանում պոկվել կերակրատաշտից: Հենց այստեղ է թաքնված Նիկոլի
իշխանության գոյատևման գաղտնիքը: Եթե Հայաստանի միջոցով նարկոթրաֆիք է իրականացվում,
դրանից անպատճառ մասնաբաժին է հանվում տեղական չինովնիկներից մինչև միջազգային նարկոցանցեր:
Հայաստանին ժամանակակից զենք չեն տալիս, որովհետև դա անմիջապես հայտնվում է կոնկուրենտ
երկրների հատուկ ծառայությունների ձեռքում, իսկ եղածների վրայից էլ պլատաներ են «կորում»
և այլն: Հայաստանի ղեկավարն իր իշխանությունը պահելու համար համաշխարհային ուժային
կենտրոնների միջև «յալանչություն» է անում, որ արդյունքում, գրեթե ամենօրյա ռեժիմով,
Հայաստանը հայտնվում է միջազգային սկանդալների կենտրոնում:
Հիմա ընթերցողների
մի մասի մոտ հարց կառաջանա, թե ինչպե՞ս եմ համարձակվում Իտալիայում հայտնաբերված կոկայինը
կապել Արցախի խնդրի կամ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության հետ: Արդյո՞ք
ես մանիպուլյացիայի չեմ ենթարկումում փաստերը: Այդ ընթերցողների համար ես մի խորհուրդ
ունեմ. փորձեք ոչ թե հակադարձել, այլ՝ ինքնուրույն մտածել: Փորձեք ձեզ հարց տալ՝ եթե
Հայաստանի բարձրագույն իշխանությունը չցանկանա, որտե՞ղ կամ ում ձեռքում կկուտակվի այնքան
գումար, որ 3 տոննա կոկային գնի Էկվադորում: Չէ՞ որ, հենց նույն կառավարության ընդունած
օրենքներով, նույնիսկ մանկական տակդիրներն ու ատամի չոփիկներն են ՀԴՄ անցնում: Այս
կառավարությունն է եկամուտների համատարած հայտարարագրում
մտցրել, որպեսզի ոչ մի լումա ստվերում չթողնի շարքային քաղաքացիների գրպանում: Մտածեք
ու կտեսնեք, որ ես ընդամենը մակերեսայնորեն եմ ներկայացրել կոկայինի ու ՀՀ իշխանությունների
կապը: Մտածեք և կհամոզվեք, որ այս իշխանությունները պետք է ժամ առաջ հեռանան, որպեսզի
կարողանանք ժամ առաջ բռնել հերթական նարկոդիլերի ձեռքը, ժամ առաջ կանխել հերթական պատերազմական
գործողությունը Հայաստանի ու Արցախի սահմանին, ժամ առաջ սկսենք վերստեղծել մեր ինքնատիպ
երկիրն ու ժողովուրդը: Մտածե՛ք, որպեսզի կարդաք սպորտի կամ նորաձևության մասին իմ հոդվածները:









