Foto

Եթե կյանքը արդար լիներ, կաթի գումարը կովին կտային, ձվի գումարն էլ՝ հավին. Հովհաննես Բաչկովի գրառումը

Բռնցքամարտիկ Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը գրառում է կատարել սոցցանցերում՝ անդրադառնալով աշխարհի առաջնություններում չորրորդ բրոնզե մեդալը նվաճելուն:

«Կյանքը եթե արդար լիներ՝ կաթի գումարը կովին կտային, ձվի գումարն էլ՝ հավին: Աշխարհի առաջնության չորրորդ բրոնզե մեդալը»,- գրել է գյումրեցի բռնցքամարտիկը:

Բաչկովն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում պարտվել էր ընդունող երկրի ներկայացուցիչ Ռուսլան Աբդուլաևին, ով հետագայում դարձել էր աշխարհի չեմպիոն:

ՀՀ հավաքականի գլխավոր մարզչի համոզմամբ սակայն կիսաեզրափակիչ մենամարտում Բաչկովը չէր զիջել ուզբեկ բռնցքամարտիկին:

30-ամյա Բաչկովը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 5-0 հաշվով առավելության էր հասել սերբ Սենդրիկ Ալեքսեյ Վիկտորովիչի նկատմամբ, 1/8 եզրափակիչում նույն հաշվով պարտության էր մատնել Թուրքիայի ներկայացուցիչ Հաքան Չանլիին, իսկ քառորդ եզրափակիչում 5-0 հաշվով հաղթել էր կոլումբացի Խոսե Մանուել Վիաֆարային:

Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալ էր նվաճել նաև Նարեկ Մանասյանը (92 կգ):  Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում երկու բրոնզե մեդալով զբաղեցրել էր 14-րդ տեղը: