Ո՞վ է Նիկոլ
Փաշինյանը, ի՞նչ է նա ուզում և պատրա՞ստ է արդյոք հայ ժողովուրդը վճարել նրա ուզածի
գինը: Վերջին հարցին պատասխանելու համար հակառակ հերթականությամբ պատասխանենք նախորդ
երկու հարցին:
Նիկոլի ցանկությունը
չի բխում մեր ժողովրդի ֆիզիկական, բարոյական, քաղաքական և տնտեսական շահից: Հայ ժողովրդի,
Հայաստան երկրի և Հայաստան պետության համար ոչ մի աշխարհաքաղաքական միջավայրի և իրադրության
պատմական անալոգիա չի աշխատում, որովհետև մեր թշնամին մեր ազգի, պետության ու հայրենիքի
նկատմամբ գոյաբանական պահանջ ու նպատակ ունի: Մեր թշնամին մեզ հետ պատերազմում է՝ մեզ
ոչնչացնելու, մեր մշակույթն ու ժառանգությունը յուրացնելու նպատակով: Այն, ինչ հիմա
մեզ՝ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի հայերիս, ներկայացնում են որպես «խաղաղություն»,
գուցե կիրառելի է եվրոպաների, կամ ամերիկաների համար: Աշխարհում բոլորը հայ-թուրքական
(ադրբեջանական) հակամարտությունը չափում են բացառապես իրենց արշինով, չնայած՝ գիտեն,
հասկանում են, որ դա իրականության հետ ոչ մի կապ չունի: Բայց մեզ պարտադրում են «խաղաղություն», որովհետև դա բխում
է իրենց ազգային ու պետական շահերից:
Հիմա անցնենք
երկրորդ հարցին՝ ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը: Մեծ հաշվով նա հայ ժողովրդից ոչինչ
չի ուզում, որովհետև հայ ժողովուրդը մի անհայտ զգայարանով գիտակցում է, որ թուրքի հետ
խաղաղ ապրելու շանս չունի: Փաշինյանի ակնկալիքը միջազգային հանրությունից է: Բայց այդ
հանրությունը հիմա մեր էկզիստենցիալ խնդրի հաշվին ցանկանում է ստանալ Թուրքիայի ու
Ադրբեջանի բարեհաճությունը, որովհետև նրանց հետ դժվար է հարաբերություն կառուցելը,
եթե նրանց պահանջները հաշվի չեն առնվում: Հայաստանն ու հայ ժողովուրդը 30 տարի դիմադրել
են դրան, առաջ են տարել հայկական օրակարգ և ստիպել են այդ միջազգային հանրությանը՝
հաշվի նստել նաև մեր պահանջների հետ, որովհետև մեր փոքր տարածաշրջանում ունեցել ենք
ուրույն դերակատարում՝ դա ապահովելով ուժեղ բանակով, աշխարհագրական և աշխարհաքաղաքական
դիրքավորմամբ և բարոյահոգեբանական առողջ մոտիվացիայով: Փաշինյանն իր իշխանության տարիներին
քանդեց մեր բոլոր ամրությունները՝ բանակը, իրավապահ ու դատական համակարգերը, քայքայեց
հայ ինքնության գրեթե բոլոր հենասյուները՝ հայեցի կրթությունը, ավանդական ընտանիքը,
խարխլում է եկեղեցու հիմքերը: 44 օրյա պատերազմով նա ոչ միայն հանձնեց Արցախի հողերը,
այլև սպանդի ենթարկեց հայ ժողովրդի մարտնչող հատվածին՝ մեր երիտասարդ զինվորներին ու
կամավորականներին, ադրբեջանցիների ողորմածությանն է փորձում հանձնել անկոտրում Արցախը՝
հարվածելով մեր ինքնապաշտպանական պոտենցիալին:
Հիմա Փաշինյանը
հայ հասարակությանը նոր երկընտրանքի առաջ է կանգնեցրել՝ պայքարել պետությա՞ն, թե՞ հայրենիքի
համար: Ժաղովրդին առաջարկելով ընտրություն կատարել հայրենիքի և պետության միջև՝ Փաշինյանը
հերթական կեղծ երկընտրանքն է առաջադրում: Հայրենիքն է պետության հիմքն ու սահմանը,
ոչ թե պետությունը՝ հայրենիքի: Ժողովրդին հայրենիք է պետք՝ պետություն ունենալու համար,
իսկ Փաշինյանին՝ պետություն՝ իշխանության համար: Թող որ այդ պետությունը լինի թղթի
վրա՝ քարտեզի մի անկյունում, միայն թե իր անձը ստատուս ունենա, ինքը կոչվի ինչ-որ մի
աշխարհագրական տարածքի վարչապետ: Այսօր էլ նա պատրաստ է ստորագրել ցանկացած պայմանագիր,
եթե այնտեղ երաշխավորված է իր անձնական անվտանգությունը: Այն, ինչը Փաշինյանը ներկայացնում
է որպես «ժողովրդի փրկություն», «պատմական անհրաժեշտություն» և «համամարդկային արժեհամակարգ»,
դավաճանության և ուրացողության պարզունակ շղարշն է՝ արդարացումը:
Հիմա ինքներդ
պատասխանեք առաջին հարցին՝ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի համար, եթե իր անվտանգության
երաշխիքը տեսնում է դավաճանության գծից այն կողմ: Բայց նաև հիշեք՝ մի դավաճանությունը
ծնում է հաջորդը և շուտով մեզ առաջադրելու է «պետություն կամ սյունիք», «պետություն
կամ Սևան» երկընտրանքները:
Նիկոլին պետք
է հեռացնել, որպեսզի կանխվի մեր հայրենիքի, մեր սերունդների գնացքի կործանումը:









