Foto

Բաքուն շարունակելու է զբաղվել հիդրոահաբեկչությամբ․ Վահե Դավթյան

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Շահբազովն արդեն հայտարարել է այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» ֆունկցիոնալ նշանակության մասին նաև էներգետիկայի ոլորտում։ Այս մասին Vesti.am-ի հետ զրույցում ասաց, քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։

  Պարո՛ն Դավթյան Ադրբեջանը հայտարարել է, որ այս տարի 1000 մեգավատ ավելի էներգիա է արտադրելու և արտահանելու։ Ձեր գնահատմամբ՝ այդ նոր էներգետիկ ռեսուրսը մեր հարևան պետությունը որտեղի՞ց է ձեռք բերել։ Արդյո՞ք դա նրան մնացել է Արցախից։

Ադրբեջանը փորձում է դիրքավորվել որպես էլեկտրաէներգիա արտահանող պետություն: Մի կողմից՝ փորձեր են արվում ակտիվացնել էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Իրան, մյուս կողմից՝ վերջերս նախաձեռնվեց Սև ծովի հատակով նոր էլեկտրահաղորդման մալուխի կառուցման նախագիծը՝ Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի մասնակցությամբ, որի միջոցով Ադրբեջանը փորձելու է էլեկտրաէներգիա արտահանել նաև դեպի Արևմուտք: Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանի էներգետիկայի նախարար Շահբազովն արդեն հայտարարել է այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» ֆունկցիոնալ նշանակության մասին նաև էներգետիկայի ոլորտում: Մասնավորապես, խոսվում է միջանցքով անցկացնել գազամուղ և էլեկտրահաղորդման գիծ՝ Թուրքիայի տարածքով արևմտյան շուկաներ դուրս գալու նպատակով: Այսպիսով, ձգտելով դիրքավորվել որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր, Ադրբեջանը պետք է լուծի գենարացման մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ պետք է էապես ավելացնի գեներացիոն հզորությունները: Այս տարի Բաքուն նախատեսում է ավելացնել սեփական հզորությունները 1000 ՄՎտ-ով, ինչը կարող է ապագայում որոշակի նախադրյալներ ստեղծել արտահանումն ավելացնելու համար՝ վերոնշյալ  լոգիստիկ սցենարների կյանքի կոչման պարագայում: Բաքվի էներգետիկ ռազմավարության կարևոր կետերից է վերականգնվող էներգետիկայի զարգացումը, ինչը կարող է թույլ տալ ապագայում նույն ԵՄ-ին «կանաչ ջրածին» առաջարկել: Պետք է սակայն հասականանք, որ Բաքուն հմտորեն կիրառում է էներգետիկ դիվանագիտության գործիքները, և անգամ ամենաաննշան ձեռքբերումները կամ հնարավորությունները, կնքվող տարատեսակ հուշագրերը ներկայացնում է էներգետիկ դիվերսիֆիկացման ու անվտանգության բարձրացման համատեքստում:  Իհարկե, Ադրբեջանն ունի որոշակի ազդեցություն եվրոպական շուկայում, սակայն այնպես չէ, որ առանց ադրբեջանական ածխաջրածինների Եվրոպան կհայտնվի էներգետիկ ճգնաժամի պայմաններում:  Նույն գազի շուկայում Ադրբեջանից իրականացվող մատակարարումները հազիվ են ապահովում եվրոպական պահանջարկի 3-4%-ը:

 Նշեմ նաև, որ այլևս սինքրոնիզացված են Իրան-Ադրբեջան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ համակարգերը, իսկ դա նշանակում է, որ Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ լոգիստիկան այսօր անցնում է Ադրբեջանով, ինչը հիմքեր է ստեղծում նշված եռակողմ ռեժիմում արտահանում իրականացնելու համար: Ընդ որում, 2015 թ-ից ի վեր Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքը նախատեսվում էր անցկացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան լոգիստիկայով: Ցավոք, Հայաստանի պսևդո-իշխանությունների կողմից այս նախագիծը 2018-ից հետո մտավ փակուղի, ինչից հմտորեն օգտվեց Բաքուն:

 

Խնդրում եմ նշել այն էնեգառեսուրս համակարգերը, որ կային Արցախում, իսկ հիմա գտնվում է թշնամու տիրապետության ներքո։

Պատերազմի արդյունքում Արցախում գործող 36 ՀԷԿ-երից 30-ը անցան թշնամուն:  Մնացած 6 օբյեկտներից 5-ը փոքր ՀԷԿ-եր են՝ յուրաքանչյուրը 10-12 ՄՎտ հզորությամբ, 6-րդը՝ Սարսանգի ՀԷԿ-ն է՝ 50 ՄՎտ հզորությամբ՝ այսօրվա Արցախի էներգետիկ համակարգի թերևս միակն հենասյունը: Սակայն այս ՀԷԿ-երի շահագործումը ևս բավականին խնդրահարույց է, քանի որ Բաքուն կարող է խանգարել մակերեսային ջրերի հոսքին: Նույն Սարսանգի ջրամբարը գտնվում է Թարթառ գետի վրա, որը սկիզբ է առնում Քարվաճառից:

Նախքան պատերազմը՝ Հայաստանը Արցախին կապող 2 էլեկտրահաղորդման գիծ կար՝ 110 կՎ: Դրանք, իրենց տրանսֆորմատորային կայաններով հանդերձ, գտնվում են Շահումյանում ու Քաշաթաղում: Շահումյանինը մնաց թշնամու վերահսկողության տակ: Սակայն, բացի ենթակառուցվածքներից, անհրաժեշտ է գնահատել նաև թշնամուն անցած էներգետիկ ներուժը: Մասնավորապես, իրեն անցած տարածքներում վերականգնվող էներգետիկայի ներուժը Բաքուն գնահատում է մինչև 10 000 ՄՎտ: Այդ ներուժի իրագործման համար պլանավորվում է 780 ՄՎտ հզորությամբ կայաններ կառուցել:  Կարծում եմ, այս հանգամանքը կարող ենք գնահատել նաև Ադրբեջանում առաջիկայում լրացուցիչ 1000 ՄՎտ հզորթյուն ձևավորելու որոշման համատեքստում:

Ֆինասական առումով ի՞նչ գումարների մասին է խոսքը։ Ի՞նչ պաշար է կորցրել Արցախը և Հայաստանը։

Վերջնական ֆինանսական հաշվարկ դեռևս իրականացված չէ: Կարող եմ մոտավոր թվեր բերել: Միջինացված տվյալներով, Հայաստանում  վերականգնվող էներգետիկայի ոլորտում 1 ՄՎտ հզորություն կառուցելու համար պահանջվում է 1-1,2 մլն ԱՄՆ դոլար: Դրա հետ մեկտեղ պետք է գնահատել նաև էլեկտրահաղորդման գծերը, տրանսֆորմատորային կայանները և այլն: Բնականաբար, սա զուտ տեսական մոտեցում է, որովհետև այսօր դժվար է գնահատել այդ ՀԷԿ-երի իրական արժեքը, բայց չեմ կարծում որ ներկայացված թիվը շատ հեռու է իրականությունից: Ինչ վերաբերում է առհասարակ էներգետիկ ներուժին, ապա այստեղ մենք կարող ենք խոսել միլիարդավոր դոլարների մասին՝ կախված ներդրումների իրականացման պայմաններից ու կայանների կառուցման առանձնահատկություններից:

 

Արցախը մինչ պատերազմն էներգիայի առումով ինքնաբավ էր, իսկ հիմա էներգիայի լուրջ խնդիր ունի։ Պետնախարարն արզդարարում է Սարսանգի ջրամբարի չորացման մասին։ Խնդրի լուծաման համար ի՞նչ կարող է անել տեղի իշխանությունը։

Իսկապես, 2018 թ.-ին Արցախն արդեն հասել էր ինքնաբավության բավականին բարձր մակարդակի: Եթե խոսենք թվերով, ապա 2019-2020 թ., նախքան պատերազմը, Արցախում արտադրվում էր մինչև 550 հազ. կՎտ/ժ, մինչդեռ սպառումը կազմում  էր մոտ 350 հազ.: Ավելցուկը Արցախն ուղղում էր Հայաստան: Այսպես, 2021 թ. ՀՀ էներգետիկ բալանսի համաձայն՝ մենք պետք է Արցախից ներկրեինք 330 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը, բնականաբար, հնարավոր չեղավ կյանքի կոչել: Այսօր Արցախը բավարարում է սեփական էլեկտրաէներգետիկ կարիքները Սարսանգի ՀԷԿ-ի, ինչպես նաև Հայաստանից իրականացվող մատակարարումների միջոցով: Սարսանգի հետ կապված առկա են լուրջ խնդիրներ, որոնցից մեկի մասին արդեն խոսեցինք, այն է՝ ադրբեջանիցիների կողմից Թառթառ գետի մակերեսային հոսքի խանգարումը: Ակնհայտ է, որ, ինչպես և խորհրդային տարիներին, Բաքուն շարունակելու է զբաղվել հիդրոահաբեկչությամբ: Ինչ վերաբերում է Հայաստանից իրականացվող մատակարարումներին, ապա դրանք ևս չեն կարող կայուն լինել՝ հաշվի առնելով, որ իրականացվում են Բերձորով: Մյուս օդային գիծը, որն անցնում էր Սոթք-Հաթերքով, այսօր չի գործում՝ հաշվի առնելով Քարվաճառի հանձնումը թշնամուն:

Խնդրի լուծումը բացառապես քաղաքական տիրույթում է: Այո, պաշտոնական Ստեփանակերտը կարող է նոր նախագծեր նախաձեռնել՝ էլեկտրաէներգիա գեներացնելու համար, սակայն դա չի կարող ապահովել Արցախի էներգետիկ անվտանգությունը, քանի դեռ լուծված չէ Արցախի՝ որպես քաղաքական սուբյետի անվտանգության, կարգավիճակի հարցը: Այսպես, այսօր խոսվում է երկու նոր ՀԷԿ-երի կառուցման ծրագրերի մասին, մեկը՝ Սարսանգ-Մատաղիսի հատվածում, մյուսը՝ Մարտակերտի Գետավան համայնքում: Առաջինի հզորությունը պետք է կազմի 17,6, երկրորդինը՝ 25 ՄՎտ: Նաև կան արևային էներգետիկայի զարգացման ծրագրեր: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Ստեփանակերտի գլոբալ հորիզոնական ճառագայթման (GHI) արժեքը կազմում է 4,04 ԿՎտ.ժ /մ2/օր, ինչն ավելի բարձր է, քան մայրցամաքային Եվրոպայի արևաշատ հատվածներում: Առհասարակ, մեզ մնացած արցախյան տարածքներում արևային և հողմային էներգիայի ներուժը գերազանցում է 2000 ՄՎտ-ը: Սակայն, կրկնվեմ՝ էներգետիկան ազգային անվտանգության հենասյուներից է, հետևաբար, հարցը չի կարելի դիտարկել միայն տեխնիկա-տնտեսական դաշտում:

 

Լաչինի միջանցքի արգելակումն ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել՝ Արցախին Էներգիայի մատակարաման առումով։ Առայժմ Արցախի իշխանությունը դիմում է հովհարային անջատումների և այլ։ Այս քայլերը որքա՞ն ժամանակ կհետաձգեն էներգետիկ ճգնաժամն Արցախում։

Ինչպես արդեն ասացի, Հայաստանը Արցախին կապող միակ էլեկտրահաղորդման գիծն անցնում է Բերձորի միջանցքով, ինչը չի կարող մատակարարման կայուն տարբերակ լինել: Նույն խնդիրը մենք ունենք նաև գազի մատակարարման մասով, քանի որ գազամուղը անցնում է Շուշիի շրջանի այն հատվածով, որը վերահսկվում է թշնամու կողմից: Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով էներգետիկ ենթակառուցվածքների կորուստը, Ստեփանակերտը, բնականաբար, պետք է դիմի հովհարային անջատումների: Դժվար է ասել, թե որքան սա կարող է տևել: Կրկին՝ խնդիրը ոչ տեխնիկական է, ոչ էլ՝ տնտեսական, այլ՝ բացառապես քաղաքական: Սակայն կարևոր է դրան զուգահեռ իրականացնել էներգետիկ նոր ենթակառուցվածքների ձևավորման ծրագրեր և պատրաստ լինել ցանկացած զարգացումների:

 

Հայաստանում էլ, կապված մի շարք որոշումների հետ, էներգիտիկ առումով խնդիր կա։ Պետական մակարդակով ի՞նչ քայել է հնարավոր ձեռնարկել՝ ճգնաժամային վիճակի չհասնելու համար։

Հայաստանում ցանկացած համակարգային հարցի լուծում պետք է փնտրել քաղաքական դաշտում: Մենք կարող ենք առաջարկել շատ հավակնոտ ծրագրեր, գծել կարճաժամկետ և երկարաժամկետ ճանապարհային քարտեզներ, բայց ակնհայտ է, որ դրանք մնալու են թղթի վրա, քանի դեռ Հայաստանի ղեկին կանգնած են ռազմավարական առումով սնանկ, մասնագիտական կոմպետենցիաներից զուրկ մարդիկ: Ամեն դեպքում, ես կառանձնացնեի երկու առանցքայինք այլ: Առաջինը՝ վերականգնել էներգետիկայի նախարարությունը: Անթույլատրելի է այսօրվա պայմաններում, երբ էներգետիկ գործոնը առանցքային տեղ է զբաղեցնում աշխարհաքաղաքական գործընթացներում, չունենալ պետական ինստիտուտ, որը պատասխանատու կլիներ երկրի էնրեգետիկ ռազմավարության մշակման և իրագործման համար: Նախարարություններն ու գերատեսչություններն արտահայտում են կառավարության առաջնահերթությունները: Երկրորդը՝ պետք է մշակել Հայաստանի էներգետիկ անվտանգության հայեցակարգ: Այն, ինչ հաստատվեց կառավարության կողմից 2021 թ.-ին որպես էներգետիկայի զարգացման ծրագիր, մերկապարանոց է, քանի որ չունի դոկտրինալ միմքեր: Պետք է հասկանալ, որ էներգետիկան ազգային անվտանգության հենասյուներից է, հետևաբար, այն պահանջում է դոկտրինալ կառավարում, այլ ոչ թե տրիվիալ բիզնես մոտեցումներ: Ամփոփելով՝ ասեմ, որ էներգետիկայի զարգացման հարցում մեզ անհրաժեշտ է կոնվերգենտ մոտեցում: Այլ խոսքերով՝ չի կարելի գերագնահատել վերականգնվող էներգետիկան ու թերագնահատել կոնվենցիոնալը՝ ատոմայինը, գազատուրբինայինը և այլն: Միջազգային փորձը ցույց է տալիս՝ եթե ուզում ես ապահովել էներգետիկ անվտանգությունդ, ապահովիր վերականգնվող և ավանդական էներգետիկ համակարգերի ներդաշնակ, սինխրոն զարգացումը:

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան