Foto

Զախարովան գնահատել է ԵՄ-ի՝ որպես «ազնիվ բրոքերի» դերը Բալկաններում եւ Անդրկովկասում

Բելգրադ-Պրիշտինա երկխոսության՝ ԵՄ հովանու ներքո ընթացող հերթական հանդիպումը նորից ավարտվել է առանց պայմանավորվածությունների Կոսովոյի սերբական մունիցիպալիտետների ընկերակցության ստեղծման կարեւոր հարցի շուրջ։ Այս մասին նշվել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունում, որը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ֆեյսբուքյան էջում։

«Սա, ըստ էության, ձախողում է։ ԵՄ-ականները նորից թույլ տվեցին Պրիշտինային շարունակել սաբոտաժը վերոնշյալ միության ստեղծման հարցում։ Եվրամիությունը պատշաճ չի արձագանքել կոսովո-ալբանական «իշխանությունների» գործողություններին երկրամասի հյուսիսում իրավիճակի սրման հարցում. սերբերին վախեցնելու, նրանց դեմ հարձակվելու եւ Կոսովոյի «ոստիկանության» կողմից կալանավորվելու դեպքերի թվի աճ, հատուկ ջոկատայինների ներկայություն, էթնիկ ալբանացիներից տեղի իշխանական մարմինների ձեւավորում ս.թ. ապրիլի 23-ի այսպես կոչված  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ոչ լեգիտիմ արդյունքների հիման վրա։ ԵՄ-ում Պրիշտինային ամեն կերպ խրախուսում են։ Մարտին որոշում ընդունեցին ուղեւորությունների անվիզա ռեժիմ տրամադրել երկրամասի (որը չի ճանաչվում որպես ինքնիշխան պետություն Եվրամիության հինգ երկրների կողմից) բնակիչներին։

Նրա խոսքով՝ նման իրավիճակ է նաեւ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության հարցում, որն սկսվել է փետրվարին։

«Այն նախկինի պես չկարողացավ որեւէ կերպ նպաստել հարաբերությունների կարգավորմանն Անդրկովկասում։

Պատճառները հասկանալի են։  ԵՄ-ականները առաջնահրեթ են համարում գաղափարախոսությունն ու աշխարհաքաղաքականությունը՝ վերածվելով ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գործիքի։ Իրականացնում են առճակատման գիծ Ռուսաստանի, Չինաստանի եւ ինքնուրույն այլ երկրների հանդեպ։ Կեղծավորությունը եւ երկակի չափորոշիչներն ակնհայտ են։ Խոսքով պետությունների տարածքային ամբողջականության ջատագովն են, իսկ գործով առաջ են մղում Սերբիայի տարածքի մի մասի անջատումը։ Նման դեպքերում ոչ մի օբյեկտիվության կամ արդյունավետ միջնորդության մասին խոսք լինել չի կարող»,- ասել է նա։