Foto

«Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարները որոշել են պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանի դեմ, բայց Չինաստանը չեն հիշատակել

«Մեծ յթոնյակի» (G7) երկրների ֆինանսների նախարարները շաբաթ օրն իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինային եւ ասել, որ վճռական են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ մտցնելու հարցում, բայց Չինաստանը չեն հիշատակել, տեղեկացրել է PA Media-ն։

Ֆինանսների նախարարները եւ կենտրոնական բանկերի կառավարիչներն ավարտել են եռօրյա բանակցությունները ճապոնական Նիիգատե քաղաքում համատեղ հայտարարությամբ, որտեղ պարտավորվել են գնաճը վերցնել հսկողության տակ եւ օգնել նրանց, ովքեր ամենից շատ են տառապում գների բարձրացումից։ Նրանք նաեւ պարտավորվել են համագործակցել ավելի կայուն, դիվերսիֆիկացված մատակարարումների շղթաների ստեղծման գործում եւ «բարձրացնել տարբեր ցնցումներից տնտեսության կայունությունը գլոբալ մասշտաբով։

Հայտարարությունում կոնկրետ հիշատակում չկա Չինաստանի «տնտեսական հարկադրանքի» մասին, ինչպիսին է այն երկրների ընկերություններին պատժելը, որոնց կառավարությունները կատարում են գործողություններ, որոնք զայրացնում են մեկ այլ երկրի։

«Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարները խոստացել են աշխատել միասին ինչպես G7-ի շրջանակում, այնպես էլ այլ երկրների հետ՝ «ամբողջ աշխարհում տարբեր ցնցումների հանդեպ տնտեսության կայունությունը բարձրացնելու համար, պաշտպանել մեր ընդհանուր արժեքները եւ տնտեսական արդյունավետությունը՝ աջակցելով ազատ, արդար եւ կանոնների վրա հենված բազմակողմ համակարգը»։

Այս շաբաթ «տնտեսական հարկադրանքի» մասին խոսակցություններն առաջացրել են Չինաստանի առարկությունները։ Բանակցություններին ներկա պաշտոնատար անձինք չեն համարձակվել բացահայտ քննադատել Չինաստանին՝ հաշվի առնելով այդ երկրի հետ երկրների մեծ մասի լավ հարաբերություններ պահպանելու շահագրգռվածությունը։

Ֆինանսական ղեկավարների բանակցությունները դրել են Հիրոսիմայում G7-ի ղեկավարների գագաթաժողովի հիմքը, որին, ինչպես սպասվում է, մասնակցելու է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան բանակցությունների ավարտին բարձր է գնահատել համաշխարհային տնտեսության եւ կայունության դերը։

«Միջազգային հանրությունը պատմական բեկումնային պահ է ապրում՝ բախվելով  տարաձայնությունների եւ հակամարտությունների, ինչպիսին են Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, Սուդանը»,- ասել է Կիսիդան ուրբաթ երեկոյան հրապարակված հայտարարությունում։

 G7-ը «վճռականորեն կմերժի միջուկային զենքի կամ դրա կիրառման սպառնալիքը եւ կպաշտպանի միջազգային կարգը՝ հիմնված օրենքի գերակայության վրա», ավելացրել է նա։

Ավելի վաղ Չինաստանը կեղծավորություն էր անվանել ԱՄՆ-ի եւ G7-ի այլ երկրների պնդումներն այն մասին, որ իրենք պաշտպանում են «կանոնների վրա հիմնված միջազգային կարգը» Պեկինի «տնտեսական հարկադրանքից» եւ այլ սպառնալիքներից։