Շատերի համար գուցե անակնկալ,
բայց փորձագիտիական դաշտի համար բավական կանխատեսելի էր Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ
Ալիևի մայիսի 14-ին նախատեսված բրյուսելյան հանիպումը։ Այն, ըստ էության, առլինգթոնյան
գործընթացի երկրորդ արարան է՝ դերակատարների փոփոխությամբ։ Փետրվարին Մյունխենում կայացած բանակցություններից
ի վեր, սա կլինի առաջին անգամը, երբ Փաշինյանն ու Ալիևն անձամբ կհանդիպեն։ Ընդգծենք,
որ Էնթոնի Բլինքենն ասել է, որ այդ բանակցությունները «շոշափելի առաջընթաց են գրանցել
երկարատև խաղաղության համաձայնագրի շուրջ», և, որ ինքը կարծում է, որ «համաձայնությունը
տեսանելի է, հասանելի»։
Ինչպես հայտնի է՝ նախորդ
շաբաթ Առլինգթոնում կայացավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնած բանակցային
քառօրյա սերիան Միրզոյանի և Բայրամովի միջև, որից ամերիկյան կողմի ակնկալիքներն ավելին
էին, քան եղավ արդյունքը։ Բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը
նշել էր, որ երկկողմ և եռակողմ քննարկումների ինտենսիվ և կառուցողական շարքից հետո
կողմերը զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում։ Բանակցող կողմերն
իրենց հերթին՝ տարածված հայտարարությունում ամրագրել էին, որ համաձայնագրի որոշ հոդվածների
շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց, մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ դիրքորոշումները
մնում են տարամետ։ Սակայն, ըստ մի շարք տեղեկությունների, որոնք մամուլում տարածվեցին
տարբեր աղբյուրներով, ամերիկյան կողմը ճնշումներ էր փորձում բանեցնել հենց Վաշինգտոնում
քննարկվող համաձայնագիրը՝ վերջնական համաձայնեցնելու նպատակով։ Ավելին, ըստ Պետքարտուղարության
ծրագրի, տարամետ դիրքորոշումներ պետք է որ չմնային, որից հետո անմիջապես պետք է Բրյուսելում
կազմակերպվեր բարձրաստիճան հանդիպում՝ գուցե համաձայնագրի նախաստորագրման կամ ստորագրման
նպատակով։
Եզրակացություններ
անելով վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներից՝ կարող են նշել, որ Արևմուտքի նախաձեռնած
գործընթացն այնուամենայնիվ ձգձգվում է։ Ավելին․ հանդիպումների ինտենսիվությունը
վկայում են, որ Արևմուտքը լուրջ ռեսուրսներ է սկսել հատկացնել այս փուլում ԼՂ հակամարտության
և հայ-ադրբեջանական հակամարտությունների կարգավորմանը՝ նպատակ ունենալով հնարավորինս
սեղմ ժամկետներում հասնել արդյունքի։ Բացի դրանից՝ ակնհայտորեն Պետքարտուղարության
մյուս նպատակն էր նաև բրյուսելյան հարթակի նկատմամբ վստահության վերականգնումը։ Ակնհայտ
է նաև այն, որ այս դեպքում Պետքարտուղարությունը գործընթացն առաջ մղողի դերում է, սակայն
դիտարկումն այն է, որ այս գործընթացը սկսվել է 2021 թվականի վերջին Բրյուսելում, կրկին
ԱՄՆ աջակցությամբ, և կարող է ավարտվել կրկին Բրյուսելում։
Պարզ տրամաբանությունը
հուշում է, որ Բրյուսելում սպասվող հանդիպումն ամփոփելու է վաշինգտոնյան հանդիպման
արդյունքները, տալու է հնարավորություն՝ քննարկել նախկին բոլոր պայմանավորվածությունների
իրականացումը։ Ըստ էության՝ Բրյուսելում Շառլ Միշելի մասնակցությամբ գործընթացը գուցե
վերականգնվի, եթե այլ անակնկալներ չլինեն, սակայն բեկում մոտ ապագայում ակնկալ դժվար
է։ Ի դեպ՝ այս մասին երեկ կառավարության նիստում հայտարարեց նաև Փաշինյանը։
Ռուսաստանը, բնականաբար, փորձելու է տապալել Արևմուտքի այս ջանքերը,
վիժեցնել գործընթացը և հանդես գալ իր առաջարկով, որի վերջնանպատակը հարավկովկասյան
տարածաշրջանում իր ներկայության երկարաձգումն ու պահպանումն է։ Ըստ էության, վերջին
շրջանում ստեղծված իրավիճակի պատճառով, ՌԴ այդ ջանքերն իրենց արդյունքը քիչ են տալիս,
սակայն այդ գործոնն անտեսել չի կարելի, և ամեն պահի այն կարող է իրավիճակ փոխել։ Այնուամենայնիվ
ամփոփելով՝ կասեմ, որ գործընթացը բարդ է ընթանում և՛ կողմերի, և՛ միջնորդների հարաբերություններում
առկա խնդիրների պատճառով։
Արմեն Հովասափյան









