Foto

Հաղթանակների մայիսը ջախջախած հնգամյակը

Մայիսի 9-ը, որը որպես եռատոն համայն հայությունը նշում էր ավելի քան 25 տարի, ցավոք, արդեն երրորդ տարին է,  վերածվել է եռասուգի կամ եռաողբերգության՝ Արցախի մեծ մասի կորուստ, հազարավոր զոհեր պատերազմի ընթացքում ու դրանից հետո և Արցախի՝ Ադրբեջանին վերջնականապես հանձնելու սպառնացող վտանգ։ Ողբերգությունների այս չդադարող շղթայի մակերեսային պատճառը, իհարկե, 44-օրյա պատերազմն է, դրան նախորդած շրջանում Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության արկածախնդրությունը, իսկ արդեն հաջորդող ու մինչև այսօր շարունակվող փուլում՝ ազգային արժանապատվության ոտնահարումն ու նվաստացումը։ Բայց իրականում տեղի ունեցածն ունի ավելի խորքային պատճառներ, որոնք բազմաթիվ ու բազմաշերտ լինելով՝ հանրագումարում հանգում են պետության չգոյությանը։

Ըստ էության՝ 2018-ին Հայաստանում փոխվել է ոչ միայն իշխանությունը, այլև պետությունը՝ բառի ամենաընդհանրական ու ընդգրկուն իմաստով։ Շուրջ 5 տարի է՝ Հայաստանն ապրում է փաստացի պետության բացակայության պայմաններում, որովհետև 5 տարի առաջ կատարված փոփոխությունների արդյունքում երկիրը պետականակենտրոն վիճակից անցում է կատարել պետականազերծ կարգավիճակի։ Մինչև 2018 թվականը Հայաստանը, բազմաթիվ խնդիրներով, թերություններով ու արատներով, այդուհանդերձ պետություն էր՝ պետականությանը բնորոշ ոչ միայն արտաքին, այլ նաև ու առաջին հերթին՝ բովանդակային հատկանիշներով՝ բանակ, ազգային արժեքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներ՝ եկեղեցու գլխավորությամբ, համարժեք արտաքին քաղաքականություն, և այլն։ Հայաստանն ուներ սուբյեկտայնություն, որի հետ հաշվի էին նստում: 2018-ից հետո հայկական պետականությունից մնացել է միայն ձևը՝ բանակն անկարելիության աստիճանի հեղինակազրկվել ու բարոյազրկվել է, եկեղեցին գտնվում է իշխանության մշտական հարվածների, հարձակումների ներքո, ազգային արժեքներն ու ավանդույթները հռչակվել են որպես հետամնաց ու ծաղրի առարկա կատեգորիաներ, և այլն։

Վերը նշվածի փոխարենը՝ Փաշինյանը գերզարգացրել է պետության ձևական ատրիբուտները՝ կառավարական ճոխ առանձնատներից՝ մինչև գերթանկարժեք ավտոմեքենաներով շարասյուներ։ Իրականում հենց պետության ու պետականության գահավիժումն է հանգեցրել պատերազմին ու դրան հաջորդած այսօրվա այն իրողությանը, որ մայիսի 9-ը վերածվել է սուգի, որովհետև քառորդ դար հաղթականորեն նշվող մայիսի 9-ի և պետության ու պետականության միջև կար օրգանական, համակարգային կապ։ Շուշիի ազատագրմամբ խորհրդանշված Արցախյան պատերազմի հաղթանակը դարձավ հայկական երկու պետությունների կայացման անկյունաքարն ու շաղախը։ Եվ, ճակատագրական ողբերգականությամբ, հենց Շուշիի հանձնումից ու այն «դժգույն ու դժբախտ» հռչակումից հետո սկսվեց հայկական պետականությունների գահավիժման վերջին՝ ամենաողբերգական փուլը։

Ի դեպ՝ այս օրերին էմոցիոնալ հարթությունում շատերն են խոսում Շուշին ու մնացած տարածքներն ազատագրելու, հաղթանակները վերադարձնելու մասին։ Զգայական տիրույթում դրանք, իհարկե, միանգամայն նորմալ ցանկություններ են, սակայն գործնականում այդ ցանկությունները հնարավոր է իրականություն դարձնել միայն վերացնելով այս ողբերգությունների պատճառը, կամ որ նույնն է՝ վերականգնելով պետությունը։ Առանց պետության՝ իրական ու բովանդակային պետության, հնարավոր չէ ոչ միայն  ազատագրել մեզանից օկուպացված տարածքները, այլ պահպանել նույնիսկ ՀՀ՝ ամեն օրվա հետ փոքրացող տարածքը։ Իսկ առանց իշխանափոխության, առանց պետության վախճանի սկզբնաղբյուր դարձած Նիկոլին իշխանությունից հեռացնելու, դա ուղղակի հնարավոր չէ։ Հետևաբար՝ Շուշիի, Հադրութի, մնացած տարածքների ազատագրման ճանապարհն անցնում է Երևանի Հանրապետության հրապարակով, ինչպես որ այնտեղով է անցնում Հայաստանի պետականության վերջին փշրանքների պահպանության ճանապարհը։

Անընդհատ իրեն բաժին հասած ժառանգությունից դժգոհող Փաշինյանն իրականում ժառանգություն է ստացել, իրենց բոլոր թերություններով հանդերձ, երկու կայացած պետություն, որոնցից մեկը՝ Արցախը, ուներ ընդամենը միջազգային ճանաչման խնդիր։ Հիմա՝ իշխանափոխությունից 5 տարի անց, Փաշինյանն Արցախը դե ֆակտո հանձնել է Ադրբեջանին, իսկ Հայաստանի ինքնիշխանությունն ամեն օր կասկածի տակ է դրվում Ադրբեջանի կողմից։ Հատկապես, որ Հայաստանի լինելիության հարցը դարձել է վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի ամենասիրելի թեմաներից մեկը։

Արմեն Հովասափյան