Հայաստանի իշխանությունն այլևս չի թաքցնում, որ պայքարում է այն արժեքների,
ավանդույթների, նորմերի ու ինստիտուտների դեմ, որոնք հավաքականության մեջ հանդես են
գալիս որպես ազգային ինքնություն։ Այդ պայքարը բազմաշերտ է ու մղվում է ամենատարբեր
հարթություններով՝ սկսած հանրային գիտակցությունից, ենթագիտակցությունից, հիշողությունից
ու արժանապատվությունից, մինչև ազգային ինքնությունը պահպանելու առաքելություն ունեցող
ինստիտուտներ՝ Հայ Առաքելական եկեղեցի, բանակ, սոցիալական նորմեր, և այդպես շարունակ։
Սակայն այս հիմնախնդրին
վերաբերող հանրային դիսկուրսում ազգային ինքնության դեմ պայքարը ներկայացվում
է հիմնականում որպես գործող իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ու ներքինիների վերածված
նրա քաղաքական թիմի արժեքային, քաղաքակրթական առանձնահատկություններով պայմանավորված
գործընթաց։ Սակայն դա կամ սխալ է, կամ լավագույն դեպքում՝ կիսաճշմարտություն։ Խնդիրն
այն է, որ Փաշինյանն ինքը, հետևաբար՝ նաև նրա ենթակաները, գործնականում չունեն արժեքային,
առավելևս՝ քաղաքակրթական որևէ հենք, հավատամք, որը, նույնիսկ մերժելի լինելու դեպքում,
իրենից կարող է ներկայացնել որոշակի ինստիտուցիոնալ կանոններ և դրա վրա հիմնված վարքագիծ։
Դեռևս 5 տարի առաջ՝
2018-ի մայիսին, խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ամենաանկեղծ հայտարարությունը եղել
է որևէ «իզմ»-ի չդավանելու մասին ինքնախոստովանությունը։ Նա իսկապես որևէ
արժեք, հավատամք չունի և հանդես է գալիս բացառապես գերօգտապաշտական, մատերիալիստական
դիրքերից։ Նրա մտածողության, աշխարհայացքի, դրդապատճառների հիմքում շահն է՝ բառի ամենանեղ
և ամեաշոշափելի իմաստով։ Եվ հենց այդ՝ ամենակեղտոտ, շահն է նրա բոլոր գործողությունների
մոտիվատորը։ Հետևաբար՝ ազգային ինքնության դեմ Նիկոլի պայքարը որևէ աղերս չունի նրա
գաղափարական կամ արժեքային հավատամքի հետ, նա չի պայքարում դրա դեմ այն պատճառով, որ
հավատում է, ասենք, վայրի լիբերալիզմին ու ինդիվիդուալիզմին, կամ մտահոգվում է միասեռականների
իրավունքների համար, բնավ ոչ։ Պարզապես աշխարհաքաղաքական ավանտյուրան, որում ներքաշվել
է Փաշինյանը, հնարավոր է միայն այն դեպքում, երբ կա՛մ հայ հասարակությունը վերջնականապես
կզրկվի ազգային ինքնությունից, կա՛մ դա կդադարի գործառութային նշանակություն ունենալ
մարդկանց վարքագծի և կողմնորոշումների վրա։
Ներկայումս ստղծվել է
մի իրավիճակ, որ Արցախի վերջնական հանձնումը, ամենաանարժանապատիվ կերպով Թուրքիայի
հետ հարաբերությունների հաստատումը, որպես դրա հետևանք՝ կոմունիկացիաների ապաշրջափակումն
ու գործարկումն այն տեսքով, որն ընդունում է Փաշինյանը, կարող է
իրականանալ այն ժամանակ, երբ հասարակությունն ազգային ինքնությունից մնացած վերջին
մնացորդներն ամբողջությամբ կփոխարինի սպառողականության փսիխոզով և անպայքար կընդունի
բառի լայն իմաստով մատուցվող «սնունդը»՝ անկախ մատուցողի ազգային և մնացյալ պատկանելություններից
և անկախ նրանից, որ դրա դիմաց վճարելու է առաջին հերթին ազգային արժանապատվությամբ։
Գուցե ողբերգական
հնչի, բայց Նիկոլ Փաշինյանը և նրան սպասարկող քաղաքական, քարոզչական թիմերը ներկայումս
հայ հասարակության համար փորձում են ձևակերպել «ո՞վ ենք մենք» հարցի պատասխանը, որը
ցանկացած հանրույթի ինքնության իդենտիֆիկացիայի անհրաժեշտ պայմանն է։ Բոլոր այդ համակարգերը փորձում են հայ հասարակության ենթագիտակցության մեջ ներարկել «մենք
ոչինչ ենք» պատասխանը, փոխարենը խոստանալով, որ ոչինչ լինելու դիմաց կստանանք ամեն
ինչ՝ կուշտ ու երջանիկ (ըստ այդ նույն քարոզչության՝ անառակ) ապրելու համար։
Արմեն Հովասափյան









