Foto

Լեհաստանը ԵՄ-ից կպահանջի ռուսական գյուղտնտմթերքների ներմուծման սահմանափակումներ մտցնել

Լեհաստանը Եվրամիությունից կպահանջի ռուսական գյուղատնտեսական մթերքների ներմուծման սահմանափակումներ մտցնել, շաբաթ օրը հայտարարել է ԵՄ-ում երկրի դեսպան Անջեյ Սադոսը, որին մեջբերել է PAP տեղեկատվական գործակալությունը։

«Եվրոպային այժմ չեն սպառնում գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների շղթայի խափանումները, ընդհակառակը, մենք ավելցուկի խնդիր ունենք։ Մենք լուծում ենք Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումն ավելացնելու խնդիրը»,- ասել է Սադոսը։ Եվրոպական հանձնաժողովն այս շաբաթ ավելի վաղ մինչեւ հունիսի 5-ը ուկրաինական ցորենի, եգիպտացորենի, ռապսի եւ արեւածաղկի սերմերի ներմուծման սահմանափակումներ էր մտցրել, որպեսզի նվազեցնի այդ ապրանքների առաջարկի ավելցուկը Բուլղարիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Ռումինիայում եւ Սլովակիայում։

Ուկրաինայում անցած տարի հակամարտության սկզբից ի վեր ԵՄ-ն ընդունել է պատժամիջոցների 10 փաթեթ ռուսական ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ։ Լեհաստանն ապրիլին առաջարկել է պատժիչ միջոցների նոր փաթեթ Մոսկվայի դեմ, ներառյալ խողովակաշարերով նավթի եւ ադամանդների ներմուծման արգելքը։