Foto

Իրանագետ. «Իրանն ավելի շատ է շահագրգռված տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ ու ամրապնդմամբ»

Իրանն ավելի շատ է շահագրգռված տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ ու ամրապնդմամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, նման տեսակետ է հայտնել «Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի փորձագետ, իրանագետ Կարեն Մկրտչյանը՝ ընդգծելով, որ Իրանի հիմնական նպատակն է խաղաղության ամրապնդումը և երաշխիքների ստեղծումը:

-Իրանը, լինելով Հայաստանի անմիջական սահմանակիցը, ամենաշատն է շահագրգռված, որ շուտափույթ խաղաղություն հաստատվի, քանի որ դա իր համար անվտանգության խնդիր է,- ասել է բանախոսը՝ հավելելով՝ պատահական չէ, որ ապրիլյան պատերազմի օրերին թե՛ Բաքվում, թե՛ Երևանում Իրանի դեսպաններն ու ռազմական կցորդները հանդիպումներ են ունեցել հայաստանյան ու ադրբեջանական պաշտոնատար անձանց հետ, ու այդ հանդիպումները բնավ էլ արարողակարգային չեն եղել:

Կարեն Մկրտչյանն ընդգծել է, որ Իրանի համար շատ կարևոր է, թե Ադրբեջանն ինչ զինատեսակներով էր հարձակվում ապրիլյան պատերազմի օրերին և Հայաստանն ինչ զինատեսակներով էր պաշտպանվում։

-Եթե համեմատության եզրեր ենք անցկացնում Թուրքիայի հետ, ապա ի տարբերություն Իրանի, նա հրահրում է պատերազմ, փորձում է ինտրիգներ ստեղծել,-նշել է իրանագետը՝ միաժամանակ հավելելով, որ Իրանը տարածաշրջանում կառուցողական դիրքերից է հանդես գալիս։

Խոսելով հնարավոր լարվածության դեպքում Իրանի գործողություններից, Կարեն Մկրտչանը շեշտել է, որ նույնիսկ դրական չեզոքությունը շատ կարևոր է:

-Իսլամական աշխարհում դժվար է հստակ սահմաններ գծել,  մենք պետք է ըմբռնումով մոտենանք և մեզ համար գնահատելի պետք է լինի նույնիսկ Իրանի դրական չեզոքությունը,-եզրափակել է բանախոսը:

Vesti.am