ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Անկարայում անդրադարձել է Երևանում «Նեմեսիս» գործողության հուշարձանի բացմանը, որից հետո թուրքական կողմը փակել էր իր օդային տարածքը հայկական օդանավերի համար:
«Ցավում եմ, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում: Ես այդ հարցը քննարկել եմ նաև իմ թուրք գործընկերոջ հետ: Որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնում: Եվ ես չեմ ցանկանում, որ հուշարձանի տեղադրումն այստեղ ընկալվի որպես Հայաստանի պետական, արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ»,-ասաց Սիմոնյանը:
Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և ԱԳ նախարարի կողմից: ԱԺ նախագահը հավելեց՝ այս մակարդակում կայացված որոշումներին բոլորն ականատես են վերջին ամիսների ընթացքում:
«Մենք պետք է հասկանանք, որ ցանկության դեպքում միշտ կարելի է հարաբերությունները վատացնելու պատճառներ, առիթներ գտնել: Ես էլ կարող էի 1000 տարբեր պատճառ գտնել Թուրքիայի չժամանելու համար: Բայց ես այստեղ եմ, որ թուրք հասարակությանն ասեմ, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության և հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների»,-ասաց ՀՀ ԱԺ նախարարը:
Ալեն Սիմոնյանը, նշելով, որ Թուրքիայի ԱԳ նախարարի հարցազրույցից մի քանի հատված տեսել է, վստահեցրեց, որ Հայաստանն իր մղումների մեջ, հարաբերություններ կարգավորելու մեջ բացարձակ անկեղծ է: «Եթե կա քաղաքական կամք, որոշում՝ հարաբերություններ հաստատելու, մենք պետք է հասկանանք, որ ճանապարհը հեշտ չի լինելու: Բայց, այնուամենայնիվ, շարժվենք առաջ: Հույս ունեմ, որ թուրք գործընկերները նույնպես առաջ կգնան, և մենք կօգտագործենք այս պատմական հնարավորությունը, նոր էջ կբացենք մեր և տարածաշրջանի համար»,-ասաց Սիմոնյանը:
Երևանի Օղակաձև այգում ապրիլի 25-ին բացվել է 1919 թվականին «Նեմեսիս» գործողությունը կազմակերպած և այն իրականացրած հերոսներին նվիրված «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողը: «Նեմեսիս» գործողության իրականացման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում խիստ գաղտնի պայմաններում: Հայ Հեղափոխական Դաշնակցության ընդհանուր ժողովը որոշել է մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին ու իրականացնողներին: Ժողովի կողմից հավանության արժանացած այդ գործողությունը կոչվել է «Հատուկ գործ»: Այն հանրությանն ավելի հայտնի է հունական դիցաբանության վրեժխնդրության աստվածուհու՝ Նեմեսիսի անունով:









