2018թ. ի վեր, զբաղեցնելով իշխանական աթոռները, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շեփորահարում են կոռուպցիայի դեմ տարվող իրենց պայքարի մասին։ Ըստ էության՝ 5 տարի է անցել, ու մինչ օրս Փաշինյանը շարունակում է ՀՀ քաղաքացիներին ու միջազգային կառույցներին վստահեցնել, թե իրեն հաջողվելու է պետությունից վերջնականապես արմատախիլ անել կոռուպցիոն բոլոր դրսևորումները։ Տրամաբանական հարց է ծագում՝ կա՞ արդյոք որևէ արդյունք։ Ակնհայտ է, որ կոռուպցիան, իհարկե, չափազանց բացասական երևույթ է. ոչ ոք դա չի վիճարկում և, առավել ևս, արդարացնում։ Սակայն կոռուպցիան արատավոր երևույթ լինելուց զատ՝ վերածվում է առավել մեծ չարիքի, երբ մի կողմից՝ դառնում է մահակ՝ ընդդիմադիրներին և քաղաքական հայացքները չկիսողներին պատժելու համար, իսկ մյուս կողմից՝ գործիք՝ սեփական թիմակիցներին արտոնություններ տալով՝ նրանց բռի մեջ պահելու նպատակով։
Ինչպես հայտնի է՝ կառավարությունը
2022թ. սկզբում հայտարարել էր, որ՝ «վճռական է ապօրինի ծագում ունեցող գույքը պետությանը
վերադարձնելու հարցում, ուստի շարունակելու է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն
ուղղված կառուցակարգերի զարգացումը և գործնականում դրանց արդյունավետ կիրառմանն աջակցությունը»: Նշենք, որ 2022թ. ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման
վերաբերյալ դատարան է ներկայացվել ընդհանուր 21 հայցադիմում, որոնք ընդունվել են վարույթ
և ներկայումս քննվում են ՀՀ հակակոռուպցիոն դատարանում։ Ներկայացված հայցերով բռնագանձման
ենթակա գումարի չափը կազմում է շուրջ 52 մլրդ ՀՀ դրամ, բռնագանձման է ենթակա նաև
296 գույք (նշված գույքերի մեծամասնության միջին շուկայական արժեքների հանրագումարը
շուրջ 34 մլրդ ՀՀ դրամ է):
Ի դեպ՝ կարևոր է արձանագրել,
որ սույն օրենքով նախատեսված կարգավորումների արդյունքում առավել ինտենսիվ միջամտության
է ենթարկվել Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, ինչն առաջ է բերում
սահմանադրականության հարցում լուրջ մտահոգություններ։ Օրենքը խնդրահարույց է հետադարձ
ուժի տեսանկյունից, քանի որ անձի վրա դրվում է իր գույքի ձեռքբերումն օրինական եկամտի
աղբյուրների վերաբերյալ տվյալներով հիմնավորելու այնպիսի պարտականություն, որը չի եղել
մինչև տվյալ օրենքի ընդունումը: Ապացուցման բեռի անհամաչափ բաշխման, անհավասար մրցակցային
դատավարական կանոնների և գործի նյութերին ծանոթանալու սահմանափակ ժամկետի արդյունքում
խախտվում է նաև անձի արդար դատաքննության իրավունքը:
Դրանց բացի՝ օրենքով նախատեսված
կարգավորումների արդյունքում մատչելի են դարձվում անձանց լայն շրջանակի մասնավոր կյանքին
և անձնական տվյալներին առնչվող տեղեկություններ: Ընդ որում, նախատեսված չեն մասնավոր
կյանքի և անձնական տվյալների վերաբերյալ ստացված տեղեկությունների պատշաճ պահպանման
համար անհրաժեշտ մեխանիզմները։ Էլ չասած, որ ապօրինի ծագում ունեցող գույքի գործերի
ուսումնասիրությունն ու դատարական հայց ներկայացնելու լիազորությունները վերապահվել
են գլխավոր դատախազությանը, մինչդեռ դրանք դուրս են վերջինիս՝ Սահմանադրությամբ հստակ
սահմանված լիազորությունների շրջանակից։
Հաշվի առնելով օրենքի
բազմաթիվ խութերը` 2022թ. ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները պատգամավորների ընդհանուր
թվի առնվազն 1/5-ի դիմումի հիման վրա հայց էին ներկայացրել ՍԴ՝ ապօրինի ծագում ունեցող
գույքի բռնագանձման օրենքի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու հարցով։
Սահմանադրական դատարանը հարցն ընդունել էր քննության, սակայն ամիսներ անց կասեցրել՝ Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով։ Վենետիկի հանձնաժողովի
խորհրդատվական կարծիքը հրապարակվեց նույն տարվա՝ 2022թ. դեկտեմբերին։ 4,5 ամիս է անցել,
սակայն մինչ օրս Սահմանադրական դատարանն անգամ որոշում չի կայացրել գործի քննությունը
վերսկսելու վերաբերյալ։
Այս
գործելաոճը, թերևս, հասկանալի է, քանի որ ներկայիս իշխանությունները նպատակահարմար
չեն գտնում դիմել որևէ մի գործողության, որը կարող է այս օրենքը հանել շրջանառությունից։
Փաստացի, այս օրենքը տվյալ պահին գործում է՝ որպես լավ մտածված հակաքարոզչական արշավ՝
անցանկալի մարդկանց, նախկին քաղաքական պաշտոնյաներին և այլ ընդդիմախոսներին լրատվական
հարթակներում և հասարակության աչքերում պախարակելու համար։ Ընդ որում, պետք է արձանագրել
նաև, որ հերթական մեծ բռնագանձումների մասին մամլո հաղորդագրությունները, որոնցում
շրջանառվում են հայտնի ՀՀ նախկին քաղաքական գործիչների անունները, տարածվում են այն
ժամանակ, երբ կա հասարակության ուշադրությունը շատ ավելի կարևոր, մասնավորապես՝ պետության
անվտանգային հերթական ձախողումներից շեղելու խնդիր։
Հակակոռուպցիոն պայքարը միակողմանի բնույթ ունի։ Որքան էլ որ Փաշինյանը տարատեսակ հարթակներից հայտարարի, որ Հայաստանում հակակոռուպցիոն մթնոլորտ է տիրում, որ իր կառավարության ներքո համակարգային կոռուպցիա գոյություն չունի։ Իսկ կոռուպցիա չէ՞ արդյոք այն, որ պետական կառույցներին սպասարկող մեքենաների ապահովագրական պայմանագրերը կնքվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող SIL Insurance ընկերության հետ։ Կամ, ասենք, պետական տենդերները շարունակում է հաղթել այն ընկերությունը, որտեղ տնօրեն է Ալեն Սիմոնյանի եղբայրը և այլն։
Ամփոփելով ընդգծենք, որ
այսօր Հայաստանում կոռուպցիա կա, իսկ կոռուպցիայի դեմ պայքարը տարածվել ու շարունակում
է տարածվել միայն ընդդիմախոսների և Փաշինյանի ու նրա քաղաքական ուժին չհարող շրջանակների
վրա։
Արմեն Հովասափյան









