Foto

480 հազար դոլար՝ Քաղաքացու տոնի համար, կամ՝ սովորական կոռուպցիա

Արդյո՞ք քաղաքացին գիտի, թե ի՞նչ արժե «Քաղաքացու օրը» իր՝ սովարական հարկատու, համար։ Ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը 2019թ-ից նշվում է որպես քաղաքացու օր։

2019թ-ին կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով որոշում ընդունեց պահուստային ֆոնդից Վարչապետի աշխատակազմին տրամադրել 124 մլն դրամ մարզերում և Երևանում այդ օրը նշելու համար։

ՀՀ 10 մարզերում միջոցառումների կազմակերպման համար հատկացվել է 83 428 000 դրամ, իսկ Երևանի դեպքում հատկացվել է 25 մլն դրամ` 10 մարզերին տրամադրված գումարի 30 տոկոսի չափով։ Երևանում միջոցառումներն իրականացրել է Factory production–ը, իսկ մարզերի պարագայում` յուրաքանչյուր մարզում մեկ կազմակերպություն է դրանով զբաղվել` Sharm holding-ը, EX production–ը և այլն: Այստեղ էականն այն է, որ այդ կազմակերպությունների ղեկավարների հետ որևէ կերպ հնարավոր չեղավ կապ հաստատել՝ հասկանալու համար թե ինչի վրա ծախսվեց պահուստային ֆոնդից վերցված այդքան կարևոր գումարը։ Համեմատության համար նշենք, որ  2016 և 2017 թվականներին՝ անկախության հռչակման 25-րդ և 26-րդ տարեդարձերին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման համար բյուջեից տրամադրվել է 100 միլիոն դրամ:

2020թ-ին և 2021թ-ին տոնը չի նշվել համապատասխանաբար պայմանավորված կորոնավիրուսային համավարակով և 44 օրյա պատերազմի հետևանքներով։ 2022թ բյուջեի նրեկայացման ժամանակ հայտրարվեց, որ Քաղաքացու օրը նշելու համար հատկացվել է 40 մլն դրամ։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանի Անկախության 30-ամյակի միջոցառումներին պետբյուջեից գումար չի ծախսվել: Այս մասին 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ վստահեցրել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: «Պետական բյուջեով 2022 թվականին Անկախության տոնի վրա 0 դրամ է ծախսվել: Որտեղ հնարավորություն ունենք, գործընկերների հետ իրականացնում ենք ծրագիր, որ լրացուցիչ ծանրաբեռնվածություն չլինի բյուջեի վրա»,- ԱԺ-ում Աղվան Վարդանյանի հարցին ի պատասխան նշել էր Արայիկ Հարությունյանը:

Այս տարի էլ Վարչապետի աշխատակազմը ապրիլի 25-ին 27 մլն 600 հազար դրամ է փոխանցել «Ջեմմա Թադեւոսյան» անհատ ձեռնարկատիրոջը՝ Քաղաքացու օրվա առիթով մի քանի խոշորացված համայնքներում մշակութային միջոցառումներ, այն է՝ բանախոսություններ, կազմակերպելու համար։ Պայմանագիրն անհատ ձեռնարկատիրոջ հետ կնքվել է ապրիլի 25-ին։

Նշենք, որ «Ջեմմա Թադեւոսյան» ԱՁ-ի հետ 2022 թվականին պետական հիմնարկները բավականին մեծ արժողությամբ պայմանագրեր են կնքել, օրինակ, ԵՊՀ-ն՝ 84 մլն և 7 մլն դրամի, ՊՆ-ն՝ 17 մլն և 3 մլն դրամի։ Նույն ԱՁ-ից խոշոր գնուներ են  կատարել նաև այլ պետական կառույցներ՝ Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և այլն։

Ինչպես նախորդ 2 տարիներին տրմադրված՝ 124 մլն և 40 մլն, այնպես էլ հիմա 27 մլն 600 հազար դրամ կատարված գնումները եղել են մեկ անձից։ Սա կա՛մ կոռուպցիոն մեխանիզմ է,  կա՛մ էլ կառավարությունը վերջին պահին է որոշում իր հռչակած տոնը նշել։ Ընդ որում, ուշագրավ է, որ միջոցառումն անցկացնող կազմակերպությունների վերաբերյալ համացանցային տեղեկություններ չկան, պետռեգիստրի տվյալներով՝ աշխատակիցներ չունեն կամ դրանք չեն գերազնցում 5-ը։ Տարօրինակ է, որ 3 աշխատակից ունեցող կազմակերպությունը կարողանում է ՀՀ 10 մարզերում և Երևանում միջացառում կազմակերպել։

Կառավարման 5 տարվա ընթացքում այս իշխանությունն իր հռչակած տոնը նշելու համար քաղաքացու գրպանից վերցրել է  191 մլն 600 հազար դրամ կամ շուրջ 480 հազար դոլար։ Սա այն դեպքում, երբ եղել է ունեցել համավարակ, պատերազմ, որը դեռ չի ավարտվել, գրեթե 100 տոկոս գնաճ, տարհանված արցախցիներ, որոնք մինչ այժմ բնակարանի խնդիր ունեն և այսպես շարունակ։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան