Foto

Պետականության պահպանման բանաձևը

Գուցե շատերի համար ասածս միստիկայի ջանրից թվա, բայց թեև Նիկոլ Փաշինյանի մտածողության առանձնահատկությունը, համարժեքությունը, դրանում արտահայտվող հաշվարկներն ու թաքցվող շերտերը հասկանալը բարդ գործընթաց է, սակայն գերկարևոր է՝ գնահատելու համար այն, ինչ նա անում է Հայաստանի հետ, և, որ ավելի կարևոր է՝ այն, ինչ նա դեռ պատրաստվում է անել։ Առաջին հերթին դա կարևոր է, որովհետև Հայաստանն իրականում ավտորիտար պետություն է, որում ձևականորեն գործող ժողովրդավարական ինստիտուտների, հակակշիռների համակարգերի առկայության պայմաններում, որոշումներն իրականում կայացվում են մեկ մարդու կողմից՝ այդ նույն մեկ մարդու մոտիվների, պատկերացումների, ցանկությունների, համակրանքների ու հակակրանքների հիման վրա։ Այս տեսանկյունից Փաշինյանի այս կամ այն արտահայտությունը պետք է դիտարկել ոչ միայն էժանագին քարոզչության, այլ նաև մտածողության, լեզվամտածողության ու դրա հիման վրա կատարվող գործողությունների հարթությունում։

Ասենք՝ երբ Փաշինյանը հրապարակավ հայտարարում է, թե «մենք կառավարող էլիտա չենք, մենք ՀՀ միջին վիճակագրական քաղաքացիներ ենք», առաջին հայացքից կարող է թվալ, որ նա հերթական անգամ ցանկանում է դուր գալ համապատասխան կրթական ցենզ ունեցող իր թվացյալ էլեկտորատին։ Այդ մղումը Փաշինյանը, իհարկե, ունի, որովհետև նա վաղուց պետք է որ հասկացած լինի՝ մտածել կարեցող ցանկացած մեկն իր ու իր իշխանության հակառակորդն է ու թշնամին։ Բայց Փաշինյանի հակաէլիտարիզմն ունի նաև այլ՝ նրա մտածողությունը ու որպես դրա հետևանք՝ պետությանն ու պետական կառավարման նկատմամբ նրա վերաբերմունքը բացահայտող շերտ։ Իրեն հռչակելով որպես «միջին վիճակագրական քաղաքացի»՝ Նիկոլը խոստովանում է, որ պետությանն ու իշխանությանը ինքը վերաբերվում է հենց միջին վիճակագրական քաղաքացու դիրքերից։ Իսկ նույն միջին վիճակագրական քաղաքացին պետությանն ու իշխանությանը վերաբերվում է հենց այնպես, ինչպես Փաշինյանը՝ որպես վայելքի, իր ու իր հարազատների համար արտոնությունների անսպառ հնարավորությունների, պետական միջոցների յուրացման ու էլի բազմաթիվ այլ արատավոր երևույթների աղբյուր։

Ասվածից բխեցնենք տրամաբանականը Փաշինյանը գիտակցված կամ ոչ՝ խոստովանում է, որ իշխանությանն ինքը վերաբերվում է ճիշտ նույն կերպ, ինչպես երևանյան որևէ բակում նարդի խաղացող միջին վիճակագրականը, որը քննադատելով բոլոր իշխանություններին՝ երազում է որդուն կաշառակեր չինովնիկ դարձնելու մասին։ Նշված ակաէլիտարիզմը, որին Փաշինյանը հակադրում է սեփական պոպուլիզմն ու պլեբեյիզմը՝ որպես մտածողության ձև ու կենսափիլիսոփայություն, իրականում հակապետական է։ Բանն այն է, որ որքան էլ իրենց պատառոտեն պոպուլիզմի քարոզիչները, պետության կառավարումն էլիտար զբաղմունք է՝ այդ բառի բովանդակային և ոչ թե փաշինյանական հակաքարոզչության իմաստով։

Գաղտնիք չէ, որ բոլոր «միջին վիճակագրական քաղաքացիներըը» երազում են ապրել կառավարական առանձնատներում, երթևեկել շքեղ ավտոմեքենաների կորտեժներով և ծաղիկներից պաշտպանվել թիկնապահներով։ Նրանցից, սակայն, միայն Նիկոլն է հաջողվել իրականություն դարձնել այդ երազանքը, որին փորձում են խանգարել էլիտաները, առանց որոնց որևէ պետություն չի կարող երկար գոյատևել։ Թերևս հենց դա է պատճառը, որ Հայաստանում ամեն օրվա հետ իրական պետության ոչնչացմանը հակադարձ համեմատական կարգով բարգավաճում է պետական և էլիտար ատելությունը՝ Նիկոլ Փաշինյանի «բարձր» հովանու ներքո։ Լայն իմաստով, պետության գահավիժման այս ընթացքը կանգնեցնելու միայն մեկ ճանապարհ կա՝ պետությունը վերադարձնել իրական՝ քաղաքական, քաղաքացիական, մտավորական ու մասնագիտական  էլիտաներին՝ Հայաստանը, գոնե որպես միջին վիճակագրական պետություն, պահպանելու համար։

Արմեն Հովասափյան