Foto

Հնգամյա ֆարսը

2018-ի իշխանազավթումի հետ Հայաստանում ու Հայաստանից դուրս շատերը մեծ հույսեր էին կապում։ Համատարած կարծիք էր տարածված, որ երկրում կուտակված խնդիրները մեկ հարվածով լուծվելու են։ Վերանալու են նախկին բոլոր արատավոր երևույթները, մարդիկ գոհ ու երջանիկ ապրելու են իրենց երազած Հայրենիքում։ Ավելին, այլևս երբեք հայաստանում չի լինելու կաշառակերություն, կոռուպցիա, հովանավորչություն, պետական պաշտոններին այլևս չեն նշանակվելու ծանոթ-բարեկամներ։ Միլիոներ չեն ծախսվելու ծառայողական մեքնաներ գնելու համար, դրանց թիվը կտրուկ կրճատվելու է։ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը աշխատանքի կգնա հասարակական տրանսպորտով, չի լինելու նախկին թալանը, կտրուկ բարձրանալու են աշխատավարձերն ու թոշակները, իսկ ներդրումներ «հորդալու» են։ Ամենակարևորը՝ իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, պատկանելու է ժողովրդին։ Ժողովուրդը երբ ուզի՝ կփոխի իշխանությանը։

Այն, ինչ եղավ իրականում, հայտնի է բոլորիս։ Մրդիկ ոչ միայն չտեսան իրենց երազած երջանիկ ու ապահով Հայաստանը, այլև եղածն էլ կորցրին ու ստիպված են ամեն րոպե ապրել վախի ու անզորության մեջ, «վայելել մահվան ու տառապանքի սպառնալիքը»։ Խոստացված ապահով Հայաստանի փոխարեն՝ հազարավոր զոհեր ու կորուստներ տեսան, շատերը, ուղղակի, այսօր էլ տեսնում են, բայց էլի չեն սթափվում։ Թշնամի երկրի ղեկավարը սպառնում է ոչ միայն Արցախին, այլև Հայաստանին, անգամ Երևանն է համարում իր նախնիների հայրենիքը, բայց Հայաստանի իշխանությունները ձեն-ծպտուն չեն հանում, վախենում են, որ խոսեն, կարող է ավելի վատ լինել։ Թշնամին, որը նախկինում չէր համարձակվում Հայաստանի սահմաններին մոտ գալ, Արցախի հարցը համարում է լուծված, հիմա էլ Հայաստանի հարցերն է ուզում լուծել. տարածքներ են գրավում ու նոր սպառնալիքներ ստեղծում։ Ահա սա է այն «ապահով Հայաստանը», որը բերեցին ժողովրդին։ 

Եթե տասնյակ տարիներ «նախկինները» հասցրել էին 6,7 մլրդ դոլարի պարտք կուտակել, իրենք 5 տարում 4 միլիարդով ավելացրին, այն էլ՝ թանկ փողերի հաշվին։ Այնքան թանկ պարտքեր վերցրեցին, որ պարտքի գինը կտրուկ բարձրացավ։ Եկել էին քաղաքացուն վարկի բեռից ազատելու, կարճ ժամանակում այնպիսի վարկային բեռի տակ դրեցին, որ հասարակության մեծ մասը ճռռում է վարկերի տակ։ Տուգանքները վերացնելու փոխարեն հիմա բոլորը «տուգանքի մատերիալ» են։

Տեղի ունեցած այս հնգամյա ֆարսից երկիրն ամբողջությամբ կորցրել է հեռանկարը, չկան անվտանգության երաշխիքներ, մարդիկ իրենց ապահով չեն զգում այնպես, ինչպես նախկինում էր։ Հասարակության մեծ մասը պատրաստ է արտագաղթել։ Ահա, թե ինչ է լինում, երբ պոպուլիզմը հաղթում է և դառնում միահեծան իշխանություն, իսկ սեփական կաշին ու աթոռը պահելու համար դիմում ամեն հնարավոր քայլի ու միջոցի։

Արմեն Հովասափյան