Foto

Հեռախոսազանգ «ոչինչի» մասին․ Պուտինի զայրույթը

Հայաստան-Արցախ սահմանագծին Ադրբեջանի կողմից անցակետի տեղակայումից երեք օր անց միայն Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Վլադիմիր Պուտի հետ: Այս մասին հայտնի դարձավ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, որն աննախադեպ կարճ էր և ներառում էր ընդամենը մեկ նախադասություն«Կողմերը քննարկել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր»: Ավելի ուշ Kremlin.ru-ն ևս տարածեց հաղորդագրություն, որը, ի տարբերություն հայկական կողմի հաղորդագրության, ունի ստանդարտ պաշտոնական հաղորդագրության կառուցվածք. «Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը` շեշտը դնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա։ Լաչինի միջանցքում իրավիճակի ներկայիս սրման համատեքստում վերահաստատվել է երեք երկրների ղեկավարների միջև հիմնարար պայմանավորվածությունների ողջ շրջանակի խստիվ պահպանման կարևորությունը»։

Ի դեպ՝ ռուսական կողմը նշել է, որ ՌԴ նախագահը համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, ինչի մասին ևս ՀՀ կառավարության ռելիզում ոչ մի անդրադարձ չկա։

Ըստ էության՝ ՀՀ կառավարության տարածած նմանօրինակ կարճ, անբովանդակ հաղորդագրությունն այն դեպքում, երբ նույն օրը տեղի էր ունեցել Փաշինյան-Միշել հեռախոսազրույց, որի արդյունքներով ՀՀ կառավարությունը բավականին «ճոխ» հաղորդագրություն էր տարածել, ռուսական կողմին ուղղված վերաբերմունքի դրսևորում է: Համաձայնեք, այս ամենը բարդ է վերագրել պատահականությանը կամ սխալին, քանի որ նման զրույցների հաղորդագրությունները մեծամասամբ համաձայնեցվում են, և դժվար է կարծել, որ այս անգամ չի համաձայնեցվել, կամ համաձայնեցվել է, սակայն այնքան անբովանդակ է եղել զրույցը, որ տարածվել է մեկ նախադասություն՝ այն դեպքում, երբ ռուսական կողմը ստանդարտ հաղորդագրություն է տարածել մի քանի թեմաներով: Առաջին հայացքից դժվար է ասել, թե կոնկրետ ինչ է փորձում այս կերպ հասկացնել Փաշինյանի կառավարությունը ռուսական կողմին և հայաստանյան հանրությանը՝ ռուսական կողմի հետ օրակարգ չկա՞, հեռախոսազրույցն անբովանդա՞կ է եղել, թե՞ հայկական կողմը լուրջ հարցերն այլևս քննարկում է ԵՄ-ի և, համապատասխանաբար, ԱՄՆ-ի հետ, ու սա պարզապես հերթապահ զանգ էր: Սակայն առողջ տրամաբանությունը հուշում է, որ խոսակցությունը բավական կոշտ է եղել և հենց դրանով էր պայմանավորված արդեն երեկոյան Հանրայինի եթերում Արմեն Գրիգորյանի ակնհայտ հակառուսական ուղղվածություն ունեցող հարցազրույցն ու երեկ կառավարության նիստին Փաշինյանի առաջ քաշած՝ «ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ավելի լայն՝ միջազգային ներկայություն» ապահովելու մասին թեզի տիրաժավորումը։

Ընդգծենք, որ Պուտինի հետ հեռախոսազրույցին նախորդած հեռախոսազրույցը Միշելի հետ, բավական ընդարձակ պաշտոնական անդրադարձ ուներ: Հաղորդագրությունում նշվում էր, թե Փաշինյանն ու Միշելը մտքեր են փոխանակել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության շուրջ, Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և ԼՂ ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ 

Հավելենք, որ անկախ հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրներից, Արցախում ստեղծված ճգնաժամի ֆոնին արցախահայությունը հստակ դիրքորոշում է ակնկալում ռուսական կողմից ու ռուսական խաղաղապահությունից, որի պատասխանատվության գոտում էլ հումանիտար նորանոր խնդիրներ են ստեղծվում, ինչպես նաև տեղադրվում անցակետ, որը դեռևս մեկ ամիս առաջ Բաքվում հերքում Սերգեյ Լավրովը:

Արմեն Հովասափյան