Ինչպես հայտնի է՝ ապրիլը բավականին ակտիվ էր հայ-ամերիկյան քաղաքական ու դիվանագիտական շփումների տեսանկյունից: Ամսվա սկզբին Հայաստանում էր ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանին: Դրանից հետո Մհեր Գրիգորյանն ապրիլի 7-15-ը գործուղվել էր ԱՄՆ՝ այնտեղ ունենալով մի շարք հանդիպումներ և մասնակցելով Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային հանդիպումներին: Ապրիլի 12-ին Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: Օրերս էլ տարածաշրջանում էր ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն, ով Երևանում հանդիպել էր իշխանական շրջանակներին և, ի թիվս այլ հարցերի, ծանոթացել Տեղ համայնքում տեղի ունեցած արյունալի միջադեպին: Ի դեպ՝ այս ընթացքում մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ՝ չնայած ռուսական կողմի պնդումներին, թե Միրզոյանն ու Բայրամովը համաձայնել են հանդիպել Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարարի հովանու ներքո, կողմերն իրենց գլխավոր բանակցությունները, այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» տեքստի շուրջ կանցկացնեն Վաշինգտոնում:
Այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ հայ-ամերիկյան շփումներում, բացի քաղաքական ու դիվանագիտական ակտիվությունից, նկատվում է տնտեսական բաղադրիչ: Ակնհայտորեն ամերիկյան կողմը փորձում է նաև դրա վրա ուշադրություն դարձնել, քանի որ առանց առևտրատնտեսական բազայի՝ քաղաքական հարաբերություններն այնքան էլ ամուր չեն: Ըստ էության՝ ԱՄՆ մոտիվացիան պայմանավորված է աշխարհաքաղաքական զարգացումներով, որոնցից այս պահին ամենավտանգավորն Արևմուտքի համար Իրանի դիրքն ու ազդեցությունն է Հարավային Կովկասում, ինչպես նաև ՀՀ աջակցությունը, ուստի ԱՄՆ-ը նաև Հայաստանին է փորձում հնարավոր բոլոր տարբերակներով դուրս բերել Իրանի ազդեցությունից, ինչպես նաև առաջ մղել «խաղաղության համաձայնագրի» բանակցությունները, որով անմիջապես կլուծվի նաև տարածաշրջանային աշխարհաքաղաքականության հարցը:
Միաժամանակ ընգծենք, որ
ներկայումս Ադրբեջանի պահանջներն այնքան մաքսիմալիստական են, գործընթացն այնքան միակողմանի է և ուժի ներքո, որ չի հաջողվում նույնիսկ կամքի դեպքում այդ գործընթացն ավարտին հասցնել:
Իսկ Արևմուտքը, ստացվում է, որ չի կարողանում և չի ցանկանում հավասարակշռել իրավիճակը
կողմերի միջև, զսպել Ադրբեջանի հավակնությունները, որի պարագայում միայն հնարավոր է
«խաղաղության համաձայնագիր» ու տարածաշրջանային խաղաղություն: Իսկ եթե չկա խաղաղություն,
այս իրավիճակը դեռ շարունակվելու է:
Դրանից բացի՝ Արևմուտքն, ըստ էության, չի փորձում դետալների մեջ խորանալ, չունի այդ ցանկությունը, սակայն այս հակամարտությունը հենց այդ դետալներից է բաղկացած, որոնց շուրջ կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել: Ուստի սա արդեն իսկ սխալ ճանապարհ է, բայց աշխարհաքաղաքական այս պայքարը հարավկովկասյան տարածաշրջանի համար դեռ բավականին ժամանակ կշարունակվի՝ ուղեկցվելով կողմերի միջև միջադեպերով, ինչի ականատեսը դարձանք օրերս:
Այս ամենին զուգահեռ, բոլորս ականատես դարձանք, որ ԵՄ դիտորդները չարեցին հասցեական հայտարարություն, թեև
տեղում դիտորդություն են իրականացնում՝ դրանով իսկ կոտրելով ՀՀ իշխանությունների այն
թեզը, թե ՀԱՊԿ-ը չպետք է դիտորդություն իրականացնի, քանի որ հասցեական չի քննադատում:
Արմեն Հովասափյան









