ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Բյուրոյի
անդամ Արսեն Համբարձումյանն ապրիլի 25-ին ընդունել են փաստահավաք առաքելությամբ Հայաստան
ժամանած՝ Եվրոպական Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս
Ֆուրլասի գլխավորած պատվիրակությանը։
Եվրախորհրդականը ներկայացրել է այցի նպատակներն ու ակնկալվող
արդյունքները, ինչպես նաև նախօրեի իր այցը ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ հատվածներ
ու Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղ ադրբեջանական կողմն անօրինական անցակետ է տեղադրել՝
ավելի խստացնելով հումանիտար ճգնաժամն Արցախում։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի
նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ իր երկարամյա
հայանպաստ գործունեության համար և ներկայացրել Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային
իրավիճակը։ Ընդգծվել է՝ Հայ դատի Եվրոպայի և կենտրոնական գրասենյակները պատրաստ են
շարունակաբար խթանել Հայաստանի վերաբերյալ օբյեկտիվ իրազեկվածության մակարդակի բարձրացումը
Եվրոպական Խորհրդարանի պատգամավորների շրջանում:
Մտքեր են փոխանակվել Եվրոպական Միությունում հայկական շահերի
արդյունավետ պաշտպանության, առաջիկայում համատեղ ձեռնարկների կազմակերպման և Եվրոպական
Խորհրդարանում հայկական հարցերով քննարկումներ անցնակցելու հրատապ անհրաժեշտության
վերաբերյալ։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ









