Օրերս Նիկոլ Փաշինյանն
ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ «մենք ապրում ենք անվտանգային ճգնաժամում, մարդիկ տագնապած
են, մեծ անորոշություններ են»։ Փաշինյանն ասում է մի բան, բայց կիսատ է ասում, ու չի
մանրամասնում, թե ինչպես և ո՞ւմ շնորհիվ հայտնվեցինք անվտանգային ճգնաժամի մեջ, ինչո՞ւ
են մարդիկ տագնապած ու անորոշության մեջ։
Ոչ ոք չի կարող պնդել, որ, մինչև Փաշինյանի իշխանության գալը, Հայաստանում անվտանգային ճգնաժամ կար։ Գուցե անվտանգության հետ կապված խնդիրներ կային, բայց դրանք ճգնաժամային չէին։ Այսօրվա ճգնաժամն առաջացավ այն բանից հետո, երբ Նիկոլը քանդեց անվտանգային համակարգերը, թուլացրեց ու բարոյազրկեց բանակը, երկիրը անպաշտպան թողեց թշնամու առաջ։ Թշնամին էլ անարգել մտնում ու տարածքներ է զավթում, նոր բնագծեր ստեղծում, նոր պահանջներ ներկայացնում, սպառնում բնակչությանը, մարդ սպանում։ Փաստն այն է, որ ոչ ոք չգիտի, թե ինչ է սպասվում իրեն վաղը։ Թերևս հենց սա է այն գլխավոր պատճառը, որ մարդիկ տագնապած են և անորոշության մեջ։ Ըստ էության, մինչև նրա իշխանության գալը, ոչ մեկի մտքի ծայրով չէր էլ անցնում, որ Հայաստանը կարող է հայտնվել անվտանգային նման ճգնաժամի առաջ։ Ցավն այն է, որ այդքանից հետո Փաշինյանն ու իր խունտան նախկիններին են մեղադրում, Սյունիքը դատարկելուց են խոսում։
«Որևէ մեկը հաշվե՞լ է` Սյունիքում մինչև 2018-ը քանի հայկական գյուղ է ֆիզիկապես դատարկվել։ Տասնյակ գյուղեր են դատարկվել, և բոլորը գիտեն այդ մասին»,- իր խոսքում հայտարարել է Փաշինյանը։ Հիմա՝ մի փոքր խոսենք թվերով, որոնք ցույց կտան, թե իրականում ինչ է կատարվում։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, Սյունիքի տարածաշրջանի բնակչությունը կազմել է 138,9 հազար։ 2023թ. հունվարի սկզբի դրությամբ մնացել է 134,5 հազարը։ Այլ կերպ ասած՝ վերջին հինգ տարում մարզի բնակչությունը կրճատվել է 4,4 հազարով։ Ավելին, Սյունիքում բնակչության թվի նվազումն արագացել է հատկապես վերջին 2 տարիներին կամ այն բանից հետո, երբ Նիկոլի թեթև ձեռքով, Սյունիքը առավել, քան Հայաստանի այլ բնակավայրերը, հայտնվեց անվտանգային ճգնաժամի մեջ (2020թ. վերջին Սյունիքի բնակչությունը շուրջ 137,3 հազար էր, այս տարվա սկզբին դարձել է 134,5 հազար, այսինքն երկու տարում նվազել է 2,8 հազարով)։
Դարձյալ դիմենք թվերի օգնությանը․ 2013թ. սկզբին Սյունիքի բնակչությունը կազմել է 141,7 հազար, 2018թ. սկզբին՝ 138,9 հազար։ Ստացվում է՝ Փաշինյանի իշխանության 5 տարիներին Սյունիքի բնակչությունը կրճատվել է 4,4 հազարով, դրան նախորդող 5 տարիներին՝ 2,8 հազարով։ Քավ լիցի, ոչ ոք չի ասում, թե ինչ լավ է, որ գնացել է X կամ Y թվով մարդիկ, ինչ խոսք՝ վատ է, որ երբևէ նման բան է եղել, կապ չունի՝ նախկինում, թե հիմա, բայց այս թվերը ցույց են տալիս, թե Սյունիքն ում օրոք է ավելի շատ դատարկվել։
Նիկոլի հաջորդ հայտարարությունը՝ վերջին տարիներին Սյունիքում աննախադեպ ներդրումներ են արել, պետական ներդրումներ։
«Սյունիքում 2018-ից մինչ օրս կառավարությունը 100 միլիարդ դրամ է ներդրել։ Ոչ մի մարզում
մենք ավելի մեծ ներդրումներ չենք արել, ինչքան արել ենք Սյունիքի մարզում»։ Նա այնպես
է հպարտանում, կարծես նախկինում Սյունիքում ներդրումներ չէին արվում, ճանապարհներ,
մանկապարտեզներ ու դպրոցներ չէին կառուցվում ու վերակառուցվում։ Գուցե վերջին տարիներին
պետական ներդրումներն ավելացել են, ինչը բնական է, երբ տնտեսությունն աճում է, իսկ
պետական եկամուտներն ավելանում են, ավելանում են նաև պետական ներդրումները։ Ի դեպ՝
բնական է, որ հինգ, տասը, տասնհինգ տարի առաջ պետական ներդրումներն ավելի
քիչ պիտի լինեին։ Դրանք ժամանակի ընթացքում են ավելանում՝ պետության հնարավորություններին
զուգահեռ։ Իրականում խնդիրն այս պարագայում ամենևին էլ նրանում չէ, թե ինչքան ներդրումներ
է արել պետությունը Սյունիքում, քանի դպրոց կամ մանկապարտեզ է կառուցել, ճանապարհ ասֆալտապատել,
խնդիրը շատ ավելի խորքային է, և ճանապարհ կամ դպրոց կառուցելով չէ, որ այն լուծվում
է։
Մի պահ, եթե անգամ ընդունենք, որ «աննախադեպ ներդրումների» վերաբերյալ Փաշինյանի ասածները ճիշտ են, դրանք պիտի նպաստեին տարածաշրջանում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը։ Բայց ժողովրդագրական իրավիճակը վատացել է։ Վատացել է, որովհետև մարդիկ բախվել են անվտանգության հետ կապված լրջագույն խնդիրների հետ, որոնք շատ ավելի կարևոր են, քան կառուցվող ճանապարհն ու մանկապարտեզը։ Այսօր ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի իր ձևերով հիմնավորումներ գտնել, միևնույն է, ճանապարհ կամ դպրոց ու մանկապարտեզ կառուցելով չէ, որ լուծվում է այդ խնդիրը։ Եթե չկա անվտանգություն, երկրի սահմանները պաշտպանված չեն, թշնամին երբ կուզենա՝ առաջ կգա, մուտք ու ելք կանի, ո՞ւմ են պետք այդ ճանապարհները, դպրոցներն ու մանկապարտեզները։ Որքան էլ համարենք, որ ճանապարհն ու մանկապարտեզը կարևոր են, նախ անվտանգության խնդիրը պետք է լուծել, սահմաններն ամրացնել, նոր մտածել ճանապարհ ու մանկապարտեզ կառուցելու մասին։ Ասեմ ավելին՝ ճանապարհի ու մանկապարտեզի կառուցումը կարող է սպասել, իսկ անվտանգությունը չի կարող։ Տեղ գյուղի օրինակը մեկ անգամ ևս ցույց տվեց, թե Սյունիքի բնակավայրերի ու բնակչության համար ինչպիսի անվտանգային միջավայր են ստեղծել իշխանությունները (դա միայն Սյունիքին չի վերաբերում։ Ամենուրեք է այդպես)։
Իրական մարազմը կայանում է նրանում, որ երկիրն իսկապես անվտանգային ճգնաժամի մեջ է, իսկ իրենք հպարտանում են, որ ճանապարհ ու մանկապարտեզ են կառուցում կամ վերակառուցում։ Մարդիկ գնում են ոչ թե նրա համար, որ ճանապարհ ու մանկապարտեզ չկա, այլ, որովհետև իրենց անվտանգ չեն զգում։ Վերջում ուղղակի պետք է հավելենք, որ պետբյուջեից հանրային այդ միջոցները Փաշինյանի կառավարությունը օգտագործել է հատկապես ընտրական գործընթացների ընթացքում ձայներ կորզելու նպատակով:
Արմեն Հովասափյան









