Foto

Ավստրալիան 2,7 մլրդ դոլար կհատկացնի ամերիկյան հրթիռներ գնելու եւ զինամթերքների արտադրության համար

Ավստրալիայի կառավարությունը 4,1 մլրդ ավստրալական դոլար (2,7 մլրդ ամերիկյան դոլար) կհատկացնի ամերիկյան գերճշգրիտ հրթիռների եւ կրակային սարքավորումների գնման, ինչպես նաեւ զինամթերքների սեփական արտադրության ընդլայնման համար։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է երկրի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզը։

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այս որոշումն ընդունվել է «ավստրալական բանակը սպառազինությունների նորագույն համակարգերով, այդ թվում ծովային բազավորման հարվածային համակարգերով եւ մեծ հեռահարության կրակային հրթիռային սարքավորումներով արագ համալրելու համար»։ «Մենք նաեւ մտադիր ենք ապահովել զենքի եւ զինամթերքի սեփական պաշարները՝ ի հաշիվ ազգային ձեռնարկությունների, որոնք կարտադրեն հրթիռներ եւ դրանց բաղադրամասեր»,- նշել է Մարլզը Ավստրալիայի պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հայտարարությունում՝ ընդգծելով, որ հրթիռների եւ կրակային սարքավորումների գնման համար կհատկացվի 1,6 մլրդ ավստրալական դոլար (1,05 ԱՄՆ դոլար), իսկ մնացած միջոցները կներդրվեն ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների զարգացման գործում։

Նախարարն ընդգծել է, որ կառավարությունը մտադիր է առաջիկայում «վերակառուցել ավստրալական բանակն ու արդիականացնել այն տարածաշրջանի ընթացիկ ռազմավարական պայմաններին համապատասխան»։ «Ավստրալական բանակի հրետանու կրակի ներկայիս հեռահարությունը պետք է ավելանա՝ 40 կիլոմետրից հասնելով ավելի քան 500-ի, որպեսզի կարողանա խոցել ավելի հեռվում գտնվող թիրախները»,- նշել է նա։

Մարլզը նաեւ պարզաբանել է, որ առաջիկայում Ավստրալիայի ԶՈւ-ի համար կգնվեն ամերիկյան համազարկային կրակի HIMARS ռեակտիվ համակարգեր եւ PrSM (Precision Strike Missile) գերճշգրիտ հարվածային հրթիռներ։ Ավստրալիայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների զարգացման շրջանակում միջոցներ կհատկացվեն զինամթերքների, այդ թվում՝ 155 միլիմետրանոց հրետանային արկերի եւ ծովային ականների, ինչպես նաեւ ՀՕՊ համակարգերի բաղադրամասերի արտադրության ընդլայնման եւ արդիականացման համար։