Foto

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017–2022 թթ-ին 5090 դեպքով տրամադրել է 71 միլիարդ դրամի հատուցում

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2023 թվականի առաջին եռամսյակում 52 դեպքով հատուցումներ է տրամադրել 33 զոհված (այդ թվում` Ազատ գյուղում հրդեհից զոհված 15 զինծառայողների), 6 անհայտ բացակայող զինծառայողների ընտանիքներին, 1 առաջին և 12 երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող շահառուներին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը:

Նրա խոսքով` հիմնադրամը 2017–22 թվականներին 5090 դեպքով ընդհանուր տրամադրել է 71 միլիարդ դրամի հատուցում։

Միայն 2022 թվականին հիմնադրամը 411 դեպքով տրամադրել է 16.8 միլիարդ դրամի հատուցում։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը նշեց, որ հիմնադրամը 2022 թվականին 24 տոկոս եկամտի աճ է ունեցել շնորհիվ պարտադիր վճարների, իսկ նվիրատվություններն ընդհակառակը` նվազել են 53 տոկոսով։

Սարգսյանն ընդգծեց, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 3 տարի ֆինանսական աջակցություն կտրամադրի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած, բայց բժշկասոցիալական փորձաքննության հետևանքով երկրորդից երրորդ կարգ տեղափոխված զինծառայողներին։

Սարգսյանը հավելեց նաև որ հիմնադրամը վերակազմավորման փուլում է գտնվում, պատրաստվում է առանձնանալ Կենտրոնական բանկից և դառնալ անկախ ձեռնարկություն։

Նշենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին ապահովագրելու և հատկացումներ տրամադրելու նպատակով:

Այսօր նաեւ հայտարարվեց, որ հիմնադրամը փոխում է անունը, այսուհետեւ այն կկոչվի «Զինապահ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամ: