Դաշնության խորհուրդը չորեքշաբթի օրվա նիստում վավերացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, փոփոխությունները նախատեսում են կազմակերպության անդամների փոխգործակցությունը կենսաբանական անվտանգության ոլորտում։
Արձանագրությունը վավերացման համար մարտի 2-ին ներկայացրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ ՀԱՊԿ Կանոնադրության համաձայն՝ կազմակերպության անդամները փոխգործակցում են պետական սահմանների պահպանության, տեղեկատվության փոխանակման, տեղեկատվական անվտանգության, բնական եւ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից, ինչպես նաեւ ռազմական գործողությունների վարման ժամանակ կամ դրանց հետեւանքով ծագած վտանգներից բնակչության եւ տարածքների պաշտպանության ոլորտներում։
Արձանագրությամբ նախատեսվում է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները փոխգործակցելու են այդ թվում եւ կենսաբանական անվտանգության ոլորտում։ Սահմանվում է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների ժամկետից շուտ դադարեցման հնարավորությունը՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ։









