Սամվել Բաբայանը դարձել է Հանրային հեռուստաընկերության` Հ1-ի, աստղը: Ընդ
որում, Նիկոլ Փաշինյանը նրան, որպես կանոն, ժամանակ առ ժամանակ հարթակ է տրամադրում`
ինչ-ինչ խնդիրներ լուծելու, նրա կատարմամբ ինչ-ինչ հայտարարություններ հնչեցնելու,
առանձին անձանց թիրախավորելու համար: Եվ ահա օրերս Պետրոս Ղազարյանի հետ զրույցում
Բաբայանը ինքնառաջադրմամբ էր զբաղված, նախընտրական խոստումներ էր տալիս։
Մի քանի դրվագ Բաբայանի մտքի փայլատակումներից․ «Նախագահը պետք է իր մեջ ուժ գտնի, ինձ նշանակի պետնախարար և մենք 5 քայլով հասարակությանը էս շոկից հանենք։ Հանգուցալուծումը ես տեսնում եմ հանրաքվեի միջոցով ճնշում գործադրել Արցախի իշխանությունների վրա և ստանալ գոսմինիստրի պաշտոնը, որ մեր 5 քայլերը կատարենք»։ Այսինքն, այս անմարդկային օրերում ապրող Արցախում Բաբայանի ուշք ու միտքը՝ իշխանական աթոռն է։ Նա այդ մասին, ըստ էության ոչ միայն չի թաքցնում, այլ մոլագարի նման բացահայտ հայտարարում է։
44-օրյա
պատերազմի ողջ ընթացքում կասկածելի դերակատարում ստանձնած և Փաշինյանի հետ համագործակցող
Բաբայանը պարտության ողջ մեղավորությունը բարդում է գեներալների վրա` իր և Փաշինյանի
վրայից գցելով ողջ պատասխանատվությունը: «Մեղավորներն ամբողջ գեներալիտետն է, որ չի
կարողացել կառավարել ռազմաճակատը, և չեն կազմակերպել, երկրորդ՝ քաղաքական այն ղեկավարությունը,
որը ժամանակին չի զբաղվել բանակով և բացատրություն է տվել, որ հեսա հողերը հանձնում
ենք պրծնենք։ Դրանք բոլորը մեղավոր են։ Երրորդ՝ այսօր գործող իշխանության մեղավորությունն
այն է, որ Արցախի հարցում նայում է մեկ այլ տեսանկյունից, որ հեսա խաղաղություն է լինելու,
միջազգային հանրությունը փորձելու է Ադրբեջանին ճնշել և խնդիրներ լուծել։ Ես համարում
եմ, որ որևիցե մեկը չի կարողանալու Ադրբեջանին ճնշել»։
Ինչպես հայտնի է տարբեր առիթներով շատ է խոսվել այն մասին, թե ինչ էին անում իրեն «Գլխավոր հրամանատար» կոչող Փաշինյանը և Բաբայանը պատերազմի օրերին, ինչ կարգադրություններ էին տալիս հրամանատարական կետում և մանիպուլյացիոն ինչ հակաքարոզով էին զբաղված։ Համաձայնեք, որ Բաբայանն այն անձը չէ, որը կարող է «մաքրել» Փաշինյանին: Երկու պատճառով` նախ, ի վերջո, մի օր Բաբայանի` 44-օրյա պատերազմում տարբեր դրվագների ձախողումներում ունեցած դերակատարման փաստերը կբացահայտվեն, երկրորդ` Փաշինյանին պարզապես հնարավոր չէ «մաքրել»:
Վերջում հավելենք, որ
այս ամենի մեջ հետաքրքիրն այն է, որ Բաբայանը և Փաշինյանը ոչ միայն ընդհանուր բովանդակային,
իրենց նախասիրություններում և արժեհամակարգերում նմանություններ ունեն, այլև իրենց
անհանգստություններում են նույնական. երկուսն էլ անհանգստանում են «նախկինների» հրապարակային
որևէ գործողությունից կամ հայտարարությունից:
Արմեն Հովասափյան









