Foto

Փաշինյանի ինքնամոռաց բարաբաջանքը սեփական անճարակության մասին է, ուրիշ ոչինչ

Նիկոլ Փաշինյանի «նախկինացավը» նոր մակարդակի է հասել՝ վերածվելով ակնհայտ մոլուցքի։ Մասնավորապես նա ապրիլի 18-ին ԱԺ-ում ինքնամոռաց շարունակում էր զրոյացնել Արցախի ինքնորոշման իրավունքը՝ նախկին իշխանությունների օրոք բանակցված Մադրիդյան փաստաթուղթը ներկայացնելով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու տրամաբանության շրջանակում և կրկին փորձում ապացուցել, որ նախկին իշխանություններն են այդ փաստաթղթով ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում՝ «պարզապես չեն բարձրաձայնել այդ մասին»։ Այս իրադարձություններին զուգահեռ՝ Իլհամ Ալիևը նոր վերջնագիր ներկայացրեց Փաշինյանին: Նա բաց տեքստով ընդգծեց, որ իր քաղաքական կրքերին փաստորեն չի բավարարում այն, ինչ անում են Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչներն արդեն տարիներ շարունակ իրենց գրեթե բոլոր հրապարակային ելույթներում։ 

Խորհրդարանում Նիկոլը մի շարք տարօրինակ նոր հայտարարություններ ևս արեց՝ նշելով, թե ինքը չի բանակցել, ավելին՝ չի հասցրել բանակցել, թերևս «մոռանալով» մինչպատերազմյան Դուշանբեի պայմանավորվածությունների, «Դուշանբե պյուս»-ի, 2020թ. փետրվարին իր կողմից ազդարարված Մյունխենյան սկզբունքների և իր բազմաթիվ հրապարակային հակասական, քննադատված ելույթների մասին, որոնք որևէ պարագայում չի կարելի դիտարկել բանակցային գործընթացից դուրս: Չտալով արցախցիների ինքնորոշման իրավունքի վերաբերյալ հստակ պատասխան՝ Փաշինյանն ԱԺ-ում նաև պնդեց, որ ԼՂ ադրբեջանցիները ևս պետք է որոշեն, որովհետև նրանք էլ են ինքնորոշման սուբյեկտ: Այլ ձևակերպմամբ՝ ԱԺ-ում Փաշինյանը նաև խոստովանեց, որ իր համար Արցախյան հիմնախնդիրը շիլաշփոթ է, որն իբրև թե ավելի խորը շիլաշփոթ է սարքել Վարդան Օսկանյանը՝ Մադրիդյան սկզբունքներով:

Սա այն նույն Փաշինյանն է, ով նախկինում գլուխ էր գովում, թե 2018թ. հուլիսին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ այդ թեմայով հանդիպմանը որևէ նոր բան չի իմացել և նրանից չի ստացել որևէ տեղեկատվություն, որն իրեն հայտնի չէր։ Նշենք նաև, որ ԱԺ-ում սկսեց քննադատել իր ընդդիմախոսներին նրա համար, որ իբրև թե իր հետ չեն հանդիպել, խորհուրդներ չեն տվել, ինչը ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ եղել է թե՛ Տեր-Պետրոսյանի հանդիպման նախաձեռնությունը, թե՛ հրապարակային բազմաթիվ ելույթներ՝ նախկինում բանակցություններին ներգրավված գործիչների կողմից:

Անդրադառնանք Ալիևին․ նա Հայաստանն անվանում է թշնամական երկիր, իսկ հայերին՝ թշնամիներ: Ալիևը Հայաստանից պահանջում է հստակ հայտարարել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»:

Թե նախկինում ինչ է բանակցվել, խոսվել, ինչ փաստաթղթեր են կողմերը քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, որքան խնդրահարույց են եղել այդ բանակցությունները նախկինում, որևէ առնչություն չունեն պատերազմի արդյունքների և հետպատերազմյան զարգացումների հետ: Այսօր Մադրիդյան սկզբունքներից խոսելը որևէ կարևորություն իրենից չի ներկայացնում, քանի որ դրանք չեն եղել, օրինակ, պատերազմում հայկական կողմի պարտության և տարածքային կորուստների պատճառը: Ողջ գործընթացը, բանակցային բարդ պատմությունը, փաստաթղթերը, սկզբունքները, այդ ընթացքում միջնորդների դիրքավորումը կարևոր են, պետք է դրանք ուսումնասիրել, բայց հիմնական խնդիրները գալիս են Փաշինյանի և նրա ապիկար թիմի քաղաքականությունից, քաղաքական և ռազմական հաշվարկներից:

Ներկայումս ևս իրավիճակը բարդ է, բարդացած են այդ քաղաքականության հետևանքով նաև դիվանագիտական մանևրի հնարավորությունները, որից օգտվելով՝ ադրբեջանական կողմն է՛լ ավելի է սրել իր հռետորաբանությունը: Ընդհանրապես աշխարհն արմատապես փոխվում է, և, գլոբալ առումով, այսօր կարևոր չէ, թե ինչ է եղել նախկինում: Այն ինչը նախկինում դիտվում էր ինչ-որ կոնկրետ դիտանկյունից, ներկա ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում ամբողջովին փոխել է իր տրամաբանությունը և փաստացի համահունչ չէ առօրեական դիսկուրսին։ Այնպես որ, Փաշինյան Նիկոլի ինքնամոռաց բարաբաջանքը, իրականում, սեփական անճարակության մասին է, ուրիշ ոչինչ։

Արմեն Հովասափյան