Foto

Ադրբեջանական նոր անցակետը հակասում է միջազգային իրավունքին․ Բունդեսթագի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ

Բունդեսթագի Մարդու իրավունքների և մարդասիրական օգնության հանձնաժողովի նախագահ Ռենատա Ալտը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցագրային կետի տեղակայումը՝ այն որակելով միջազգային իրավունքի խախտում։

Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։

«Լեռնային Ղարաբաղում Հակարի կամրջի վրա ադրբեջանական նոր անցակետը հակասում է միջազգային իրավունքին և դժվարացնում է մարդկանց ազատ տեղաշարժն ու մատակարարումները տարածաշրջան։ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքներն ու անհապաղ կյանքի կոչի ԱՄԴ-ի պահանջները»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում: Ավելի ուշ պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ ճանապարհը փակել են հսկիչ անցագրային կետ տեղակայելու համար։