Իշխանությունների կողմից մշտապես գործի է դրվել սեփական սխալների ու ձախողումների համար մեղադրանքներից խուսափելու ամենափրկիչ միջոցը՝ տեղի-անտեղի համեմատվելով նախկինների հետ, սեւացնել անցյալը, որ լուսավոր երեւա ներկան: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին ԱԺ-ում իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Երբ մարդ ուզում է արդարանալ ուրիշի գործած մեղքերը հիշատակելով, նմանվում է նրան, ով ուզում է մաքրվել ցեխաջրով լվացվելու միջոցով: Դա իհարկե, անհնարին է, ինչպես անհնարին է անընդհատ խաբել մի ողջ ժողովրդի, որովհետեւ ամեն ինչ վաղ, թե ուշ բացահայտվելու է:
Ըստ նրա՝ հայ ազգին ոչնչացնել ցանկացող թշնամին անդադար խոսում է պատերազմի լեզվով, իսկ իշանությունները մեր ժողովրդին պատրաստում են խաղաղության. «Ամեն օր մեզ թմրեցնում են՝ քարոզելով, թե խաղաղությունն է, որ բերելու է պաշտպանվածություն ու անվտանգություն, այնինչ, հենց խաղաղությունը պաշտպանության կարիք ունի: Անվտանգությունից է բխում խաղաղությունը, իսկ թշնամու բարեհաճությամբ ստացած կարծեցյալ անվտանգության երաշխավորը ոչ թե դու, այլ թշնամիդ է լինելու», - ընդգծեց Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ այսպես հաստատված խաղաղությունն ուրիշ անուն ունի՝ նսեմացում և ստրկություն. «Այս խաբկանքն ու կործանարար ընթացքը իշխանությունները փորձում են ներկայանցել որպես միակ ճշմարիտն ու այլընտրանք չունեցողը: Դրա համար գործի է դրվել ողջ պետական մեքենան. Մի կողմից քարոզելու, որ ճար ու հնար չկա, քան զիջել այն, ինչ մեզնից պահանջվում է, մյուս կողմից անել ամեն ինչ կոտրելու մեր դիմադրության ոգին, սպառելու պայքարի հնարավորությունները եւ ժողովրդին պահել անճարության մեջ», - նշեց նա:
Ռուստամյանը հայտարարեց, թե այս իշխանության օրոք ան կախության հռչակագրերը մերժված են ու արհամարհված, հաղթանակած բանակը պարտված է ու վարկաբեկված, եռամիասնությունը՝ խաթարված եւ պառակտված, եկեղեցին եւ համազգային կառույցները՝ հետապնդված ու հալածված: Ըստ այդմ, թշնամու երազած լավագույն պայմանները ստեղծված են», - նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Նա շարունակեց, որ վարչախումբն ուզում է հանրությանը համոզել, որ այս իրավիճակին այլընտրանք չկա, եւ եթե կա մեկը, որ ստեղծված իրավիճակում կարող է մի բան անել, դա հենց իրենք են. «Իսկ այս իշխանության օրոք անելու մի բան է մնում, որի մասին օրնիբուն խոսում են այս իշխանությունները՝ ստորագրել մի նոր կապիտուլյացի եւ այն հանրությանը մատուցել որպես խաղաղության պայմանագիր: Ակնհայտ է, որ այդպիսի խաղաղության պայմանագրով Արցախը շատ արագ կհայաթափվի եւ կվերածվի Նախիջեւանի, բայց առանց կարգավիճակի»:
Անդրադառնալով այս իրավիճակից դուրս գալու լուծումներին, Ռուստամյանն ընդգծեց, որ չպետք է ստորագրել իր բնույթով կապիտուլյացիոն որեւէ փաստաթուղթ, որը կվտանգի Հայաստանի ու Արցախի լինելությանը. «Իսկ եթե իշխանությունները հակաճառեն, որ մենք չստորագրելու տարբերակ չունենք, ապա դա ոչ այլ ինչ է, եթե ոչ խոստովանություն, որ գործ ունենք հենց կապիտուլյացիա կոչվող փաստի հետ: Պետք է արմատապես փոխել երկրի կառավարման ներքին ու արտաքին քաղաքականության ուղենիշները»:
Ռուստամյանը նաեւ ընդգծեց, որ պետք է ձևավորել նոր կառավարություն, քանի դեռ «չենք անցել անշրջելիության բոլոր կետերը»:









