Foto

ԱԺ նախագահի հրամանն ապօրինի էր, դիմելու եմ քրեական պատասխանատվության պահանջով․ Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի նախագահի հրամանն ապօրինի էր, նրա հրամանը կատարողներն իրավունք չունեին խոչընդոտել պատգամավորի աշխատանքին: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, «Պատիվ ունեմ» խմբակցության մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Ըստ օրենքի՝ աշխատակիցները կարող են չեզոքացնել վտանգը, իսկ մենք ուղղակի կանգնած էինք, ոչ մեկի անվտանգությունը դրանից չէր տուժելու։ Տեղի ունեցածը խայտառակություն էր։ Մենք բախվել ենք ապօրինության, ինչը հետեւանքներ է ունենալու։ Ես աշխատում եմ դիմումի տեքստի վրա, որոնք ներկայացնելու եմ ուժային կառույցներին՝ պահանջով, որ քրեական պատասխանատվության ենթարկվեն ապօրինություն գործած բոլոր մարդիկ»,- ասաց Թովմասյանը։

Թագուհի Թովմասյանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չեն հասկանում ԱԺ ամբիոնի գինը՝ այնտեղից պարբերաբար ստելով։

«Չենք թողնելու, որ վարչապետ կոչվածն անընդհատ գա եւ ստի։ Նիկոլ Փաշինյանն ակնհայտ դավաճանական հայտարարություններ է անում՝ ասելով, որ պահանջում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց Արցախի մասին որեւէ ձեւակերպում անելու։ Սա նշանակում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչն անթույլատրելի է»,- նշեց Թովմասյանը։

Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանը երեկ՝ ապրիլի 20-ին, Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական ակցիա է անում եւ չի իջնելու ամբիոնից։

«Չեմ իջնելու ամբիոնից, թույլ չեմ տալու, որ երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը եւ հայ ժողովրդի պատմությունը։ Բավական է , սթափվեք եւ հասկացեք ձեր պատասխանատվության աստիճանը։ Սոթքում կրակում են, դուք այստեղ խոսում եք ձեռքբերումներից։ Եկել, ի՞նչ՝ բյուջեի կատարողական եք քննարկում։ Դուք բարոյականությունից եք խոսում, բայց ի՞նչ բարոյականության դասեր եք տալիս»,- ասաց Թովմասյանը։

Ընդդիմադիր մյուս պատգամավորները մոտեցան Թովմասյանին, ինչից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով ՊՊԾ աշխատակիցները բռնի ուժով դուրս հանեցին ընդդիմադիր պատգամավորներին։

Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ ընդդիմադիր 10 պատգամավորի նկատմամբ նկատողություն հայտարարվեց, նրանք մինչեւ օրվա վերջ հեռացվին նիստերի դահլիճից։

«Թագուհի Թովմասյանը, Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թեւանյանը հեռացվում են մինչեւ տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը։