Foto

Կառավարությունը Դիլիջանում պետական գույք է օտարում՝ մրցույթով. նվազագույն գինը 343 մլն դրամ է

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 21-ի նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացրեց:

Խոսքը Դիլիջանի Շամախյան փողոց 2/1 հասցեում գտնվող 2977,8 քմ մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.94 հեկտար մակերեսով հողամասի մասին է, որը հանդիսանում է պետական սեփականություն, ամրացված է ՀՀ ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեին  և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ գույքն իրենից ներկայացնում է վարչական շենք, որը ներկայումս չի շահագործվում և ունի հիմնանորոգման կարիք։

Ներկայացված նախագծով առաջարկվում է Դիլիջանի Շամախյան փողոց 2/1 հասցեում գտնվող գույքը ներկայացնել օտարման՝մրցույթով:

Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝343,8 մլն դրամը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 64 242 420 դրամ։

Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝  1 041 792 դրամը։