Գուրգեն Ներսիսյանը շեշտադրել է նաև թեժ գծերին ներկայացված ահազանգերի ու բողոքների արագ արձագանքման ու խնդիրների լուծման անհրաժեշտությունը: Այս մասին տելեգրամում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը.
««Անմիջապես եղեք այնտեղ, որտեղ կա խնդիր: Թեև իրացվող ապրանքի քանակը քիչ է, հնարավորինս ավելացրեք մանրածախ վաճառքի կետերը, նվազեցրեք մարդկանց հոծ հերթերը»,- ասել է պետական նախարարը:
Պետական նախարարը նշել է նաև, որ բնակչությանն իրացվող ապրանքի պատշաճ որակը պահպանելու համար որոշվել է առաջիկայում կտրոնային համակարգի մեջ մտնող ապրանքների մեծածախ իրացման աշխատանքները կազմակերպել պետության կողմից: «Փորձը ցույց է տվել, որ մրցութային կարգով ապրանքների ձեռքբերումը արդարացված եղանակ չէ, այդ գործընթացին ներգրավված մի շարք սուբյեկտներ ցույց են տվել իրենց անբարեխղճությունը, առավելագույն չափով շահույթ ստանալու մոլուցքը, ինչպիսի գործելաոճից պետք է ժամ առաջ հրաժարվել»:
Գուրգեն Ներսիսյանը հատուկ անդրադարձ է կատարել նաև որոշ բամբասանքների՝ ըստ որոնց՝ ինքն իբր արգելել է մի շարք բնականոն ու քաղաքացու շահերից բխող նախաձեռնություններ ապրանքների մատակարարման ու վառելիքի վաճառքի հետ կապված: Նա ընդգծել է, որ դրանք հերյուրանքներ են և երբեմն հորինվում են նեղ անձնական ու քաղաքական նպատակներից ելնելով՝ վնասելով պետական շահն ու հանրային անդորրը:
Պետական նախարարը մի շարք այլ հանձնարարականներ է տվել թե՛ ապրանքների մատակարարման ու վաճառքի, և թե՛ սոցիալական աջակցության պետական ծրագրերի հետ կապված»:









