Ապրիլի 11-ին Տեղ համայնքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած արյունալի իրադարձությունները դարձան ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդների առաջին լուրջ «փորձությունը»: Շուրջ ամիսուկես մեկնարկած ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ընթացքում առաջին անգամն էր, երբ քաղաքական և փորձագիտական շրջանակները և, առաջին հերթին, հանրությունը հնարավորություն ունեցավ կանխատեսումներից այն կողմ՝ իրականում ականատեսը լինել, թե ինչ դերակատարություն են ունենալու կոնկրետ իրավիճակում ԵՄ դիտորդները, կամ այդ դերակատարության բացակայության դեպքում ինչպիսի արձագանք են տալու, ինչ տվյալներ են փոխանցելու ԵՄ համապատասխան պաշտոնյաներին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին համապատասխան հայտարարություններով և քայլերով հանդես գան, զսպեն և կանխեն ադրբեջանական սադրանքները: Մեկ դրվագով պարզ դարձավ, որ ԵՄ դիտորդներն իրենց պարեկության գրաֆիկը մեկ շաբաթ շուտ տրամադրում են ադրբեջանական կողմին, այսինքն՝ տեղեկացնում նախապես, թե հաջորդ շաբաթ՝ որ օրը, որ ժամին դիտորդները սահմանի որ հատվածում են դիտորդական աշխատանքներ իրականացնելու, ինչն ադրբեջանական կողմի համար անգնահատելի ծառայություն է: Թեև ապրիլի 11-ի առավոտյան դիտորդություն են իրականացրել Տեղ-Կոռնիձոր գյուղերի տարածքում, բայց զինված միջադեպի պահին չեն եղել դեպքի վայրում: Ավելի ուշ պարզ դարձավ, որ դիտորդները ՀՀ իշխանություններից են տեղեկացել այս իրավիճակի մասին, իսկ ԵՄ տարածած հաղորդագրությունում չկար որևէ հասցեական անդրադարձ Ադրբեջանին, որը կազմակերպեց այս սադրանքը, որի հետևանքով ՀՀ 4 զինծառայող զոհվեց: ԵՄ դիտորդների արդյունավետությունը նույնը կլիներ, եթե նրանք իրենց առաքելությունն իրականացնեին Բրյուսելից, քանի որ, ինչպես նախկինում՝ հղում են անում ոչ թե իրենց արձանագրումներին, ոչ թե տալիս են գնահատականներ, այլ հղում են անում կա՛մ տեղի բնակիչներին, ինչպես առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն իր հայտնի հարցազրույցում, կա՛մ ՀՀ իշխանություններին: Ակնհայտ է, որ ԵՄ դիտորդները բացառապես եկան զբաղեցնելու ՀԱՊԿ տեղը, որն իրենց համար ազատեցին ՀՀ իշխանությունները:
Տեղ համայնքում կատարվածի ֆոնին ՀՀ իշխանությունների արձագանքը չափավոր ու զուսպ է, առանց մեղադրանքների: Մասնավորապես, Արարատ Միրզոյանը նշել էր․ «Այսօր արդեն ԵՄ առաքելության մամուլի ծառայությունը հաստատել է, որ հայկական կողմը տեղեկացրել է իրենց ընթացող ագրեսիվ գործողությունների, փոխհրաձգության վերաբերյալ։ Իրենք նշել են, որ տեղում չեն եղել այդ պահին, բայց իրենց դիտարկումներն արել են։ ... Իրենք իրենց զեկուցման մեխանիզմն ունեն՝ ԵՄ արտաքին ծառայությանն են զեկուցում։ Ոչ, հրապարակային մենք առայժմ տեղեկություն չունենք, թե ինչպիսին է այդ զեկույցը»։ Մի կողմից Միրզոյանն ըմբռնումով է մոտենում, որ ԵՄ դիտորդները զեկուցման իրենց մեխանիզմն ունեն, ԵՄ-ն իր արձագանքման մեխանիզմն ունի, իսկ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի դեպքում ՀՀ իշխանությունները ցուցաբերում են անհասկանալի անհանդուրժողականություն: Արձանագրենք նաև, որ Միրզոյանը և իշխանության որևէ ներկայացուցիչ չի նշում, որ ԵՄ-ից ակնկալում են այս կամ այն քայլը, ինչը նման իրավիճակներում անում են ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի դեպքում: Եվ սա լիովին տապալում է ՀՀ իշխանությունների արևմտյան և արևմտամետ քարոզչությունը:
Քանիցս տարբեր փարձագետներ շեշտել են, որ ԵՄ դիտորդները Հայաստանում են ոչ թե հայ-ադրբեջանական խաղաղության, Հայաստանին
աջակցելու և Ադրբեջանին քննադատելու, այլ ՌԴ ազդեցությունը տարածաշրջանից լիովին դուրս
բերելու համար է: Մնացյած դետալները ԵՄ-ին հետաքրքիր չեն, սա աշխարհաքաղաքական գործառույթ
և նշանակություն ունեցող առաքելություն է և ոչ թե առաքելություն, որն ուղարկվել է հանուն
ՀՀ-ի: Իսկ դա նշանակում է, որ նման միջադեպերը կարող են շարունակական
բնույթ ունենալ:
Արմեն Հովասափյան









