Foto

«Կա՛մ ես, կա՛մ պատերազմ». Փաշինյանի վերջնագիրը՝ Հայաստանին

Միայն պատկերացնել կարելի է, թե ի՞նչ օրհասական վիճակում է Հայաստանը, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է ցավոտ լուծումների և դրանց վերաբերյալ ժողովրդի ընբռնման և պատրաստակամության մասին: Միամտություն կլինի կարծել, թե դա ոչ մի կապ չունի Արցախի խնդրի ներկայիս վիճակի հետ, որովհետև հենց դրանից է Նիկոլ Փաշինյանի ամբողջ արտաքին քաղաքականության մեկնակետը՝ որի համար էլ բերեց պատերազմ, պերմանենտ անկայունություն և տարածաշրջանային կոլապս:

Մեկ շաբաթվա ընթացքում Փաշինյանն արդեն երկրորդ անգամն է շեշտում, իբր դեռ 2018 թվականից տեղյակ է եղել, բայց ժողովրդից թաքցրել է, որ 2007 թվականին ընդունված Մադրիդյան սկզբունքներով Հայաստանի կողմից Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս: Այստեղ հարկ կա հիշեցնել, որ ինքը Արցախյան խնդրի բանակցային գործընթացի մանրամասներին առաջինը տեղեկացել է անձամբ Իլհամ Ալիևից և դա չի էլ թաքցրել: Անընդհատ հայտարարելով, թե մանդատ չունի բանակցել Արցախի անունից՝ Նիկոլ Փաշինյանը մշտապես միջամտել է բանակցային գործընթացին, բանակցել է Ադրբեջանի և ԵԱՀԿ համանախագահների հետ, որովհետև հայտարարում էր, որ մշտապես բացատրություններ և մեկնաբանություններ է պահանջել հարցի վերաբերյալ: Ավելին, ի լուր բոլորի հայտարարում էր, թե բանակցում է իր՝ զրոյական, կետից և բանակցում է այն, ինչ ուզում է: Հիմա, երբ, կաշվից դուրս գալով, փորձում է հիմնավորել, որ Արցախն Ադրբեջանի մաս է,  մոռանում է հիշել, որ այդ նույն Արցախը, դեռ 2020 թվականին «Հայաստան էր և վերջ»: Հիմա արդեն չի կարողանում կոծկել, որ այդ զրոյական կետն իրեն և իր պատվիրատուներին պետք էր, որպեսզի զրայացնի նախորդ ողջ բանակցային ժառանգությունը, Ալիևի հետ համաձայնեցնի և քարոզչական դաշտ բերի այսօր հնչեցվող կեղծ թեզերը, ժողովրդին համոզելու՝ իբր Արցախն Ադրբեջանի կազմից դուրս գտնվելու  տեսական և գործնական հնարավորությունը կորցրել է: Որերորդ անգամ չեմ զլանա հիշեցնել Ալիևի հայտնի հայտարարությունը, թե իրեն կուլիսների ետևում ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը:

Նիկոլ Փաշինյանի ողջ ջանքը միտված է նրան, որ հայ հասարակությանը պատրաստի, իր խոսքերով, «ծանր լուծումների», որոնք ոչ այլ ինչ են քան Արցախից հրաժարումը, Սյունիքի միջանցքը և ադրբեջանական բանակի արդեն մշտական ներկայությունը ՀՀ սուվերեն տարածքում՝ որպես հավերժ երաշխիք, որ Հայաստանի ոչ մի իշխանություն այլևս պահանջատիրության և հայրենատիրության հնարավորություն կամ համարձակություն չունենա: Այլապես՝ պատերազմ:

 

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան