Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի ծանր ատլետիկայի Եվրոպայի առաջնությանը Երեւանում, որոշում է ընդունվել հայրենիք նրանց վերադառնալու մասին։ Այս մասին նշվել է Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի եւ Ազգային օլիմպիական կոմիտեի համատեղ հայտարարությունում, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Որոշումն ընդունվել է առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ հայ դիզայներ Արամ Նիկոլյանը դրոշակակրից խլել էր Ադրբեջանի դրոշն ու այրել այն։ Ադրբեջանում այս միջադեպը համարել են քաղաքականացված։ Ադրբեջանի սպորտի նախարարությունը եւ Ազգային օլիմպիական կոմիտեն միջազգային հանրությանը, միջազգային մարզական կազմակերպություններին, Ծանր ատլետիկայի եվրոպական ֆեդերացիային կոչ են արել «դատապարտել» եւ պատժամիջոցներ մտցնել Հայաստանի դեմ։
«Կարծում ենք՝ կատարված իրադարձությունը ցույց է տալիս, որ Հայաստանն ի վիճակի չէ միջազգային մարզական մրցություններ անցկացնել եւ ապահովել մարզիկների անվտանգությունը»,- նշվել է հայտարարությունում։









