Եռաբլուր պանթեոնում 2022թ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ Քննչական
կոմիտեում կա նախաձեռնված քրեական վարույթ, որով տուժող ճանաչված և նրանց աջակցող մի խումբ այլ անձինք
ցանկանում էին հանդիպումներ ունենալ վարույթ իրականոցնող ՀՀ ՔԿ ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ 2022թ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողները բռնի, անհամաչափ ուժի կիրառմամբ
հեռացվեցին իրենց որդիների շիրիմների կողքից, որպիսի իշխանական վերնախավը
կարողանա անարգել գնալ Եռաբլուր։ Լրատվականներին նույնպես թույլ չտվեցին լուսաբանել Նիկոլ
Փաշինյանի այցը։
Հիմա Քննչական կոմիտեից հայտնում են, որ ծնողներին չեն ընդունել, քանի որ նրանք
ՔԿ էին եկել «...առանց հստակ ձևակերպելու իրենց ակնկալիքները։ Մի կողմից բարձրացվում է
վարույթի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու հարցը, սակայն զուգահեռաբար նախաքննական
մարմնին ներկայացվում են վարույթով կոնկրետ որոշումներ կայացնելու անհիմն պահանջներ»,-
ասված է ՔԿ հայտարարությունում։
Իսկ արդյո՞ք ՔԿ-ին հայտնի չէ, որ քրեական ցանկացած վարույթով տուժողը պահնաջում
է արդար և բազմակողմանի քննություն, ինչի արդյունքը տվյալ վարույթով ծնողները չեն տենսնում
կես տարուց ավելի։ Եվ, այո, բնական է, որ ծնողները պետք է ՔԿ-ին ուղղորդեն որոշակի
գործողություններ անելուն, քանի որ վարույթում դրանք չեն տեսնում։ Եթե ոչ իրավաբան
տուժողն իրավական բացեր է նկատում, ապա դա առնվազն իրավական համակարգի անգործության
հետևանք է։ Իսկ եթե ՔԿ-ում վստահ են, որ ծնողներն այնքան իրավական գիտելիքներ ունեն,
որ իրենց հարցերը կարող են հստակ ձևակերպել և գրավոր ուղարկել, ինչպես որ պաշտանական
հաղորդագրությամբ հորդորել էին, ապա ինչո՞ւ պետք է չուղորդեն իրավական գործողությունների
շրջանակներում կատարել համապատասխան քննչական գործողություններ։
Եթե նույնիսկ այդ մարդիկ ուղղակի ցանկանում էին տեսնել Քյարամյանին և 2 ժամ լռել
նրա հետ, կամ ասել բաներ, որոնք այնքան էլ իրավական չեն, ապա ՔԿ-ի նշած նախորդ անգամների
նման պետք է ընդունեին նրանց և լսեին, թեկուզ միայն նրա համար, որ նրանց որդիներն իրենց
կողքին չեն և չեն կարող բռնություն գործադրած ոստիկանների հետ նույն կերպ վարվել, ուստի
ակնկալում են իրավական գնահատական։
Երբ ՔԿ-ն ասում է, որ նախորդ անգամները պատրաստակամ ընդունել են ծնողներին, կարծես
լավագույն բանն էր, որ կարող էին անել նրանց համար։ Այն ժամանակ, երբ ընդունում էիք
ծնողներին, գրավոր, իրավական ձևակերպմամբ հարցե՞ր էին բերել, թե՞ հիմա եկել է նախորդ
հանդիպումների ժամանակ տված խոստումներին պատասխանելու ժամանակը և պատասխան չունեք։









