Foto

Ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունի ապագա միջադեպերը կանխելու համար. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան իր խորը մտահոգությունն է հայտնում ապրիլի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին` հայկական տարածքում` Տեղ բնակավայրի մոտ, տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմից կա 7 զոհ և մի քանի վիրավոր: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

«Սա հիշեցում է, որ սահմանագծումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով, և մենք կողմերին կոչ ենք անում շարունակել ջանքերն այդ ուղղությամբ։

Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և շփման գծի` օկուպացված հայկական դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար։ Ֆրանսիան լիովին աջակցում է սահմանի հայկական կողմում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը:

Առաքելությունը կշարունակի աշխատել Եվրամիության հետ միասին՝ ի նպաստ հրադադարի, երկխոսության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման», - ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։