ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար երկրորդ կարծիք չկա` Սյունիքի Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի պահվածքը եղել է ուխտադրուժ։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով Տեղում ստեղծված իրավիճակին` ադրբեջանական զորքերի շարժից մինչև երեկվա մարտեր։
«Սրանք կոնկրետ այն իրավիճակային դեպքերից են, որ կանխատեսելի էր, և այդ թեմայով խորհրդակցություններ եմ հրավիրել, կոնկրետ հանձնարարականներ տվել, խնդիրներ առաջադրել եւ այլն; Իմ գնահատմամբ` այն, ինչ երեկ տեղի ունեցավ Տեղում, պետք է չլիներ, և առնվազն պետք է հետաքննենք, թե ինչ է տեղի ունեցել։ Այն, որ Ադրբեջանի պահվածքը եղել է ուխտադրուժ, կարծում եմ՝ երկրորդ կարծիք չկա, բայց մենք չէինք էլ կարող հակառակի հույս ունենալ` այդ սցենարը նույնպես կանխատեսվել էր և դրա շուրջ կոնկրետ անձանց տրվել էր կոնկրետ հանձնարարություններ, որոնց կատարումը ձախողվել է»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` սրան պետք է հաջորդեն եւ վարչական հետևանքներ, և պետք է ավելի խորը քննարկումներ լինեն:
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածությունները և մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
ՀՀ ԱԱԾ–ն ապրիլի 1-ին հայտարարեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։
Ապրիլի 11-ին ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր