ԵՄ-ն դատապարտում է զինված բախումները, որոնք երեկ հանգեցրել են հայ-ադրբեջանական սահմանին Տեղի շրջանում հայ և ադրբեջանցի մի քանի զինծառայողների զոհվելուն և վիրավորվելուն։ Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության դեպքում պետք է հարգել 1991-ի գիծը, և կողմերի ուժերը հետ քաշվեն այս գծից անվտանգ հեռավորություններ՝ կանխելու նմանատիպ միջադեպերը: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Նաբիլա Մասրալիի հայտարարության մեջ:
«Նախկին պարտավորությունները պետք է հարգվեն, այդ թվում՝ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ձեռք բերվածները՝ կապված 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի համաձայն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ: ԵՄ-ն նաև կոչ է անում ակտիվացնել սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները և շարունակում է պատրաստ լինել աջակցելու այս գործընթացին։ Մենք վերահաստատում ենք զսպվածության և բոլոր վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու մեր կոչերը։ ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր: