Սնանկության դատարանի նախագահ Արթուր Աթաբեկյանի՝ որպես դատարանի նախագահի լիազորությունները դադարել են՝ ապրիլի 10-ից՝ ԲԴԽ անդամ ընտրվելու կապակցությամբ։
Հիշեցնենք, որ Արթուր Աթաբեկյանն ապրիլի 7-ին ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ըստ այդմ, Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն՝ նրա՝ որպես դատարանի նախագահի լիազորությունները պետք է դադարեն։
Նշենք, որ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի համաձայն՝ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երկու ամիս և ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ այլ հիմքով առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում թափուր տեղ առաջանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Դատական դեպարտամենտը կազմում և Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում տվյալ առաջին ատյանի դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, ովքեր ունեն դատավորի ոչ պակաս, քան երեք տարվա փորձառություն, չունեն կարգապահական տույժ, վերջին երեք տարվա ընթացքում չեն նշանակվել տվյալ դատարանի նախագահ և Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն: ԲԴԽ-ն փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում է դատարանի նախագահի թեկնածուին և նրա թեկնածությունն առաջարկում Հանրապետության նախագահին՝ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից տասնօրյա, իսկ այլ հիմքով պաշտոնը թափուր մնալու դեպքում՝ մեկամսյա ժամկետում:









